20 դեկտեմբերի 2014 - 10:54 AMT
Հաջորդ տարի ՀՀ-ն մի քանի միլիոն դոլար կստանա ԵՏՄ շրջանակում

Հայաստանի բյուջեն եկող տարի կհամալրվի մի քանի միլիոն դոլարով: Մեր երկիրն այդ գումարը կստանա դրամաշնորհների, վարկերի ու դոտացիաների տեսքով: Այդ ամենը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում, հայտնում է «ՄԻՌ 24»-ը:

«Կարծես թե բոլորը կանխատեսում են ճգնաժամը, բայց, այնուամենայնիվ, այն միշտ անսպասելի է գալիս»: Այս անգամ էլ ճգնաժամը բավականին արագ ու անսպասելի զարգացավ: Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ միջազգային գործակցության շրջանակում այս օգնությունը կնպաստի նրան, որ առաջիկա տարիներին խուսափենք նման միտումներից ու կտրուկ տատանումներից»,-հայտարարել է Հայաստանում ՌԴ Առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն ԵՏՄ անդամ երկրների համար նոր հեռանկարում միջազգային զարգացման նոր նախագծերին նվիրված սեմինարում, որը դեկտեմբերի 19-ին մեկնարկել է Երևանում:

Սեմինարին մասնկացել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի մասնագետները:

Դեկտեմբերի 19-ին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Նույն օրը Ղազախստանի Սենատը ընդլայնված նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Photo: Trud-ost.ru