20 դեկտեմբերի 2014 - 12:37 AMT
ՄԱԿ փորձագետը՝ ԱՊՀ երկրների վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցության մասին

ՄԱԿ տնտեսական ու սոցիալական հարցերի դեպարտամենտի մասնագետ Գրիգոր Աղաբեկյանը կանխատեսել է, թե ինչպես Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը կանդրադառնա հարևան երկրների վրա:

Փորձագետը նշել է, որ հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ներառյալ Բալթիայի երկրները, այս կամ այն չափով շաղկապված են ՌԴ տնտեսության հետ և տնտեսական աճի դանդաղեցումը Ռուսաստանում արդեն անդրադարձել է մի շարք երկրների վրա:

«Անկասկած, ԱՊՀ այն երկրները, որոնք էներգառեսուրսներ արտադրող երկրներ են, ավելի շահավետ վիճակում են, օրինակ, Ադրբեջանը կամ Ղազախստանը: Նրանք առավել անկախ են, նրանք դուրս են գալիս նավթի կամ գազի շուկա և համաշխարհային շուկա»,-հավելել է Աղաբեկյանը: Ըստ նրա, այդ երկրները նաև որոշակի ռեզերվներ ունեն, որոնք կարող են օգտագործել իրենց տնտեսությունների բյուջետային խթանման համար:

Համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող երկրները, ինչպես, օրինակ, Մոլդովան, Տաջիկստանն ու Ղրղզստանը, մեծ կախում ունեն ՌԴ-ում աշխատող միգրանտների դրամական փոխանցումներից, ասել է տնտեսագետը: Արդեն ընթացիկ տարում վերջին 5 տարում առաջին անգամ այդ փոխանցումները նվազեցին, արդյունքւմ թուլացավ նաև ազգայն արժույթի փոխարժեքը:

Որոշ միջինասիական երկրների դեպքում մարդիկ, չկարողանալով աշխատանք գտնել Ռուսաստանում, տուն են վերադառնում, ինչը որոշակի լարվածություն է առաջացնում այդ երկրների աշխատուժի շուկայում:

Բացի այդ, կարող է սահմանափակվել նաև արտահանումը Ռուսաստան ցածր պահանջարկի պատճառով, դա կանդրադառնա ՌԴ հետ ինտենսիվ առևտուր վարող երկրների վրա, մասնավորապես՝ Բելառուսի, հայտնում է Ռոսբալտը:

Դեկտեմբերի 20-ին Կանադան նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Ինչպես հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը, նոր սահմանափակող միջոցներ կկիրառվեն նավթային և գազային արդյունաբերության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների արտահանման ոլորտում: Կընդլայնվի նաև ֆիզիկական անձանց շրջանակը, որոնց կարգելվի մուտքը Կանադա, նրանց բանկային հաշիվները կսառեցվեն:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս): Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով:Լ դոլարի փոխարժեքը հատեց 500 դրամի սահմանը: