ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր սահմանափակող միջոցներ է գործի դրել Ղրիմում աշխատող մասնավոր անձանց ու կազմակերպությունների դեմ:
ԱՄՆ քաղաքացիներին ու ամերիկյան ընկերություններին արգելել են բիզնես վարել Ղրիմի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ: Նշվում է, որ թերակղզին ուկրաինական տարածք է, նրա միացումը Ռուսաստանին որակվում է որպես օկուպացիա: Բացի այդ, ԱՄՆ նախագահը թույլ է տվել ֆինանսների նախարարին պատժամիջոցներ սահմանել Ղրիմում գործող որոշակի անձանց ու ձեռնարկությունների դեմ:
Ըստ Օբամայի, հրամանագրի նպատակն է լիակատար պարզություն մտցնել ամերիկյան ընկերությունների համար Ղրիմում իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև մեկ անգամ ևս հաստատել, որ թերակղզու բռնակցումը ՌԴ կողմից մերժվում է: «Իմ վարչակազմը կշարունակի սերտորեն համագործակցել Եվրոպայում և աշխարհում իր դաշնակիցների ու գործընկերների հետ, արձագանքելու համար զարգացումներին Ուկրաինայում և կշարունակի վերանայել ու հստակեցնել պատժամիջոցները ի պատասխան Ռուսաստանի գործողություններին»,-ասվում է Օբամայի հայտարարության մեջ, հայտնում է BBC-ին:
Բացի այդ, ընդլայնվել է այն անձանց ցանկը, որոնց մուտքն ԱՄՆ արգելվում է, նրանց թվում են Ուկրաինայի արևելքում գործող աշխարհազորայինների առաջնորդներն ու Ղրիմի վարչակազմի ղեկավարները:
Ավելի վաղ ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց Եվրամիությունը, նույնպես օրենքից դուրս հայտարարելով ցանկացած ներդրում Ղրիմում կամ Սևաստոպոլում, այդ թվում զբոսաշրջության ոլորտում:
Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:
Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,2 տոկոս աճ: