ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել:
«Նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով»,-ասել է Արմեն Աշոտյանը՝ շարունակելով. «Մեզ հաջողվեց կտրուկ շրջադարձ կատարել բարձրագույն կրթության մատչելիության հարցում ձեռքբերումներ ունենալու գործում: Նոր հանրակրթական ծրագրի մեկնարկը ևս նախարարության ձեռքբերումներից է»:
Հանրակրթության մասին օրենքի նոր խմբագրության ընդունումը ևս,ըստ նախարարի, ձեռքբերում է, քանի որ այն շատ հավակնոտ օրենք էր և կրթությունը դարձնում էր մատչելի բոլոր երեխաներին՝ անկախ իրենց ֆիզիկական և մտավոր կարողություններից:
«Մեր նվաճումների «գոհարը» աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքն է, երբ մեր աշակերտական խմբերը 19 օլիմպիական մեդալ շահեցին»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նաև հանրակրթական դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի պիլոտային ծրագրին, որը փորձարկվում է 12 դպրոցում: Նախարարի հավաստմամբ՝ այն տեսանելի ապագայում պարտադիր կլինի բոլոր դպրոցների համար, մեջբերում է Tert.am-ը: Բացի այդ այս տարի Հայաստանի ներառական դպրոցների թիվն ավելացավ ևս 12-ով՝ հասնելով 139-ի:
Արմեն Աշոտյանը չի շրջանցել նաև կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերի թեման. «Պետք է շեշտել, որ կոռուպցիան համակարգում վերացված չէ, այն նահանջել է և կոռումպացված ոլորտների առաջին եռյակում չէ: Սա մեզ չի գոհացնում, բայց պետք է աշխատել այս ուղղությամբ»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասագրքերի թեմային, կրթության նախարարն ասել է, թե դպրոցական դասագրքերի որակը բարձրացել է, բայց դրանց բարդության աստիճանը դեռևս շարունակում է խնդիր մնալ, քանի որ որոշակիորեն մատչելի չեն տվյալ տարիքի երեխաներին:
Այս տարի նաև ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության փաթեթը: Ըստ այդմ, նոր օրենքը պարտադրում է բոլոր բուհերին իրենց վճարովի ծառայությունները ուղղել ոչ վճարունակ ուսանողներին, սահմանվել է ուսման վարձի վերին շեմ, գրում է «Առավոտը»: Արմեն Աշոտյանի խոսքով, միայն այս տարի 2000 երիտասարդ օգտվել է պետության կողմից երաշխավորված նոր սոցիալական ծրագրից:
Երկրորդ քայլը նա համարում է նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրը, երրորդ ձեռքբերումն էլ կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկն է:
Նախարարը հաջողություն է համարել նաև այն, որ 2015- 2019 թվականներին նոր կրթական ծրագիր է մեկնարկելու Համաշխարհային բանկի վարկի միջոցով:
Ամփոփիչ ասուլիսում ԿԳ նախարարն անդրադարձել է նաև 2015-ի Բոլոնյան նախարարական համաժողովին, այլևս տեսանելի է Հայաստանի տեղը Եվրոպական կրթական տարածքում, ինչը հետևանք է ԿԳ նախարարության լրացուցիչ ջանքերի և անզուսպ ամբիցիաների:
Ի դեպ, Աշոտյանի խոսքով՝ գալիք տարի Հայոց Ցեղասպանությանը նվիրված դասընթաց է լինելու տարբեր եվրոպական երկրների հանրակրթական ծրագրերում: Սակայն նախարարը չի մանրամասնել՝ խոսափելով հարևան երկրի համապատասխան քայլերից: