22 դեկտեմբերի 2014 - 17:40 AMT
Դինքի գործով արդեն 6-րդ դատախազն է նշանակվել

«Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում նոր դատախազ են նշանակել, տեղեկացնում է «Ակօսի» կայքը: Քանի որ Դինքի սպանության գործով դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը Վերաքննիչ դատարանի անդամ է ընտրվել, այսուհետ հետաքննությունը վարելու է դատախազ Գյոքհալփ Քյոքչյուն։

Ստամբուլի հանրապետական դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը, որը շուրջ 7 ամիս շարունակ վարում էր Դինքի սպանության գործով հետաքննությունը, Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի կողմից (HSYK) Վերաքննիչ դատարանի անդամ է ընտրվել։ Այդ բանից հետո Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննությունը վարելու գործը հանձնել է Ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազներից Գյոքհալփ Քյոքչյուին։ Քյոքչյուն Դինքի սպանության գործով մինչև օրս նշանակված 6-րդ դատախազն է, հայտնում է Allturkey.am-ը։

Ավելի վաղ Ստամբուլի քրեական գործերի դատարանում Դինքի սպանության անմիջական կատարողը՝ Օգյուն Սամասթը, որին 2011-ի հուլիսին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, ցուցմունք է տվել, համաձայն որի Թուրքական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները ոչ միայն տեղյակ էին, այլև համակարգում էին Հրանտ Դինքի սպանության նախապատրաստումը:

Այդ ցուցմունքից 5 օր անց Sabah թերթը, որը սերտ կապեր ունի իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» հետ, որոշ հատվածներ է հրապարակել դատարանում Սամասթի ցուցմունքներից: Պարզ է դառնում, որ իրավապահների ու Դինքի սպանությունն իրագործողի միջև գլխավոր միջնորդը տրապիզոնցի ազգայնական Էրհան Թուջելն էր, որին դատարանը սկզբում արդարացրել էր, հետո՝ կրկին ձերբակալել:

«Սպանությունից առաջ ես այցելեցի Թունջելին նրա բնակարանում: Հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց ինձ Ռամազան Աքյուրեքի ու Ալի Ֆուաթ Յիլմազերի մասնակցության մասին»,-մեջբերում է թերթը Սամասթի խոսքը: Սամասթի ցուցմունքներում հիշատակված Ռամազան Աքյուրեքը ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետն է, իսկ Յիլմազերը՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետը, Դինքի սպանության ժամանակ նա Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետն էր:

Ի դեպ, Դինքի սպանությանը ոստիկանների մեղսակցության շուրջ դատավարությունը վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է: Վերջին մի քանի օրում, գրում է Hurriyet-ը, հարցաքննության են ենթարկվել Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գունգերը, ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին ղեկավար Իլհան Գյուլերը, Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշատ Ալթայը: Ըստ նույն աղբյուրի, առաջիկա օրերին հարցաքննության կկանչվի ևս 7 բարձրաստիճան ոստիկան, այդ թվում՝ Ջալալեդդին Ջերահը, որը Ստամբուլի ոստիկանապետն էր Դինքի սպանության օրոք, հայտնում է Armenia Today-ը:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: