23 դեկտեմբերի 2014 - 12:43 AMT
Տրապիզոնի նախկին ոստիկանապետը՝ Դինքի գործով կասկածյալ

Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով: KamuTürk-ը գրում է, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ է ներգրավվել նաև Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի արդարադատության պալատ հրավիրված Ալթայն ավելի քան 3 ժամ հարցաքննության է ենթարկվել և ցուցմունք տվել:

Դինքի սպանությանը ոստիկանների մեղսակցության շուրջ դատավարությունը վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է: Թուրքիայի արդարադատության նախարարությունը որոշել է հարցաքննել պետական մի շարք պաշտոնյաների, ովքեր պաշտոնավարել են Դինքի սպանության ժամանակ: Նրանց թվում է Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունթերն ու այլք, գրում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ Ստամբուլի քրեական գործերի դատարանում Դինքի սպանության անմիջական կատարողը՝ Օգյուն Սամասթը, որին 2011-ի հուլիսին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, ցուցմունք է տվել, համաձայն որի Թուրքական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները ոչ միայն տեղյակ էին, այլև համակարգում էին Հրանտ Դինքի սպանության նախապատրաստումը:

Այդ ցուցմունքից 5 օր անց Sabah թերթը, որը սերտ կապեր ունի իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» հետ, որոշ հատվածներ է հրապարակել դատարանում Սամասթի ցուցմունքներից: Պարզ է դառնում, որ իրավապահների ու Դինքի սպանությունն իրագործողի միջև գլխավոր միջնորդը տրապիզոնցի ազգայնական Էրհան Թուջելն էր, որին դատարանը սկզբում արդարացրել էր, հետո՝ կրկին ձերբակալել:

«Սպանությունից առաջ ես այցելեցի Թունջելին նրա բնակարանում: Հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց ինձ Ռամազան Աքյուրեքի ու Ալի Ֆուաթ Յիլմազերի մասնակցության մասին»,-մեջբերում է թերթը Սամասթի խոսքը: Սամասթի ցուցմունքներում հիշատակված Ռամազան Աքյուրեքը ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետն է, իսկ Յիլմազերը՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետը, Դինքի սպանության ժամանակ նա Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետն էր:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

Կարդացեք նաև՝Դինքի գործով արդեն 6-րդ դատախազն է նշանակվել