4 հուլիսի 2006 - 15:55 AMT
Բաքու. Ղարաբաղյան գործընթացի հիմքը ԱԳՆ ղեկավարների խորհրդակցություններն են, այլ ոչ թե նախագահների
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի հիմք են կազմում խորհրդակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների միջեւ, այլ ոչ թե նախագահների: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Նա «զարմացած է» ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությամբ, որտեղ «կրկին շեշտը դնում են նախագահների հանդիպման անհրաժեշտության վրա` որպեսզի նրանք վերցնեն նախաձեռնությունն իրենց ձեռքը»: «Սակայն մեզ բոլորիս լավ հայտնի է, որ բանակցային գործընթացի հիմք են կազմում շփումները եւ բանակցությունները արտգործնախարարների միջեւ: Նրանք պետք է քննարկեն հարցերի ողջ շրջանակը, հիմք մշակեն նախագահների ապագա հնարավոր հանդիպման եւ քննարկումների համար»,-ասել է Թ.Թաղիզադեն: Միեւնույն ժամանակ նա նշել է մոտեցումների նույնությունը, որ նկատվել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության եւ պաշտոնական Բաքվի մոտեցման միջեւ, որը նույնպես հանդես է գալիս հակամարտության փուլային լուծման օգտին»: