23 դեկտեմբերի 2014 - 16:12 AMT
Սոցապ նախարարը՝ կուտակայինի, մայրության նպաստի, երեխաների պաշտպանության ու ընտանիքի հայեցակարգի մասին

2014 թվականը կարելի է համարել ամենաբեկումնային տարին արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով: Այս մասին դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ 2014-ը սոցիալական ոլորտի տարբեր ճյուղերում բարեփոխումների մեկնարկի տարի էր, որոնք ուղեկցվեցին լարված բանավեճերով, բազմաբնույթ առաջարկներով և անհրաժեշտ հրատապ փոփոխություններով:

Այս առումով նախարարն իր ղեկավարած ոլորտի կարևորագույն ձեռքբերումը համարում է այն, որ բոլոր դեպքերում հանրային պահանջը հաշվի առնելու և բաց քննարկումների արդյունքում հնարավոր եղավ գտնել համապատասխան լուծումներ, որոնք պահպանելով նախանշված քաղաքականության սկզբունքային ուղղությունները, միևնույն ժամանակ, ներառվել են բարեփոխումների ընդդիմախոսների հիմնական պահանջները:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը, Ասատրյանի հավաստմամբ, 2014 թվականի բարդ նախաձեռնություններից մեկն էր, որն իր մեջ պարունակում էր խնդրահարույց կետեր:

«Սակայն հաշվի առնելով տարբեր շահագրգիռ կողմերի առաջարկությունները, քննարկման արդյունքում հնարավոր եղավ վերջնական փոփոխություններ կատարել բոլորի համար բավականին ընդունելի տարբերակով: Խնդիրը ստացավ իր նպատակային լուծումը, իսկ մյուս կողմից հնարավոր եղավ պահպանել նաև առաջարկվող նոր քաղաքականությունը. փոփոխության լավագույն մասը՝ հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնել նաև չաշխատող կանանց»,- ընդգծել է Ասատրյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

Բարձրացված աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությանը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ- ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը:

Նախարարն անդրադարձել է նաև երեխաների խնդիրներին՝ նշելով, որ տարին երեխաների պաշտպանության ոլորտի համար բավականին հագեցած էր և նշանավորվեց «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով: Արտեմ Ասատրյանի պոսքով` երեխան ամենաջերմ և լավ մթնոլորտը ունենում է ընտանիքում և լիարժեք հասարակության անդամ է դառնում մեծանալով ընտանիքում: Եվ որքան էլ հաստատությունները զարգանան` դրանք չեն կարողանա փոխարինել ընտանիքի դերը:

Այս համատեքստում նախարարությունը կշարունակի իր գործունեությունը նաև գալիք 2015 -ին, մասնավորապես.

«Հաջորդ տարի կնշանավորվի Ընտանիքի հայեցակարգի և ռազմավարության մշակմամբ ու այն հանրությանը ներկայացմամբ, քանի որ ժամանակն է, որ ընտանիքի քաղաքականությունը դրվի ամուր հիմքերի վրա»,- տեղեկացրել է նա` հավելելով, որ ժամանակն է ավելի լավ սոցիալական քաղաքականություն ունենալ, գրում է «Այսօրը»:

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա, նախարարի խոսքով, դրան մասնակցել է մոտ 100 հազար մարդ: Նախարարը կարևորելով հանրային իրազեկման անհրաժեշտությունը, նշել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին իրազեկման աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն. «Շատ կարևոր է առաջիկա ժամանակահատվածում մեր քաղաքացիներին ավելի լավ իրազեկել ու ավելի հանգամանալից ներկայացնել այս համակարգի առավելությունները»:

Հարցին` եթե բարեփոխումն իրականացվեր ամբողջությամբ և լիներ պարտադիր, այլ ոչ կամավոր, ապա քանի մարդ կմասնակցեր պարտադիր բաղադրիչին, նախարարը պատասխանել է, թե մոտ 250 հազար քաղաքացի:

Անդրադառնալով այս տարվա կարևոր ձեռքբերումներին,Ասատրյանն առանձնացրել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի միասնական համակարգի ներդրումը.

«Հուլիսից զգալիորեն բարձրացել են պետական համակարգի մոտ 200 հազար աշխատակցի աշխատավարձերը` միջինը 40 տոկոսով»:

Մեկ այլ կարևոր ձեռքբերում էլ Ասատրյանը համարել է Զբաղվածության նոր մոդելի ներդրումը, որը խթանել է զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում 2014-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել շուրջ 10 հազար աշխատանք փնտրող, ովքեր նախկինում աշխատաշուկայում անմրցունակ էին: