24 դեկտեմբերի 2014 - 13:03 AMT
Քեսաբին դարձյալ վտանգ է սպառնում. Բնակիչների մի մասն ապաստանել է Լաթաքիայում

Թեև քեսաբցիներն արդեն վերադարձել են իրենց տներն ու վերականգնել եկեղեցիներն ու դպրոցները, նրանց կրկին վտանգ է սպառնում:

«Եռագույնը» գրում է, որ երկու օր առաջ հրթիռակոծվել է Քեսաբի մոտ գտնվող Լեղի ջուրի (Ֆռնլոք) անցակետը, իսկ նախօրեին ուշ գիշերը հարձակման վտանգը սպառնացել է նաև Քեսաբին: Բնակչության մեծ մասը, հատկապես կանայք ու երեխաները, լքել են Քեսաբն ու ապաստանել Լաթաքիայում: Ըստ զինվորական աղբյուրների, սահմանակից Թուրքիայի կողմում զինված ապստամբների խմբավորումներ են նկատվել:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ է բնակվում, կա 11 հայկական գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին:

Հունիսի 16-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ մեծ թվով ավազակային կազմավորումների անդամների ոչնչացնելով ու նրանց տեխնիկան ու զենքը շարքից հանելով, բանակային ստորաբաժանումները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը Քեսաբ քաղաքում: Հրամանատարության հայտարարության մեջ կարևորվում է այդ հաջողությունը կապված այդ բնակավայրի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի հետ, քանի որ ձախողվեց Թուրքիայի հետ սահմանին դեպի ծով ելքով պլացդարմի ստեղծումն ահաբեկիչների կողմից:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: