25 դեկտեմբերի 2014 - 19:11 AMT
Թուրքիայի քաղաքացին հայկական գյուղում հետաքրքրվել է գյուղացիների հասցեներով

Ռուս սահմանապահների արտաշատցի օգնականները դեկտեմբերի 23-ին Նոյակերտ բնակավայրում կանգնեցրել են անհայտ քաղաքացու, ով հետաքրքրվել է գյուղացիների հասցեներով։ Այդ մասին բնակիչները տեղեկացրել են սահմանապահներին:

Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բնակավայր ժամանած Արտաշատի սահմանապահ ջոկատի աշխատակիցները պարզել են՝ անհայտ անձը Թուրքիայի քաղաքացի Ա-ն է՝ ծնված 1976-ին, որն «Ագարակ» անցակետով օրինական կերպով հատել է Հայաստանի սահմանը։

Թուրքիայի քաղաքացին բացատրել է, որ գտնվում է Նոյակերտ բնակավայրում՝ հեռավոր բարեկամներին որոնելու նպատակով։ Նրա` Հայաստան գալու իրական պատճառներն արդեն քննում են ՀՀ իրավասու մարմինները:

Բացի այդ ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները դեկտեմբերի 22-ին ձերբակալել են իրավախախտի, որն այս անգամ էլ փորձել է ապօրինի կերպով հատել հայ-թուրքական սահմանն Ախուրիկ բնակավայրի անցակետի շրջանում։

Երեկոյան սահմանային կետում ահազանգ է ստացվել սահմանի անվտանգության տեխնիկական միջոցներից։ Դեպքի վայր ժամանած սահմանապահների ահազանգման խումբը հայտնաբերել է իրավախախտի հետքերը։ Անհայտ անձը փորձել է թյուրիմացության մեջ գցել սահմանապահներին՝ հաղթահարելով սահմանային գիծը մեջքով դեպի առաջ։

Սակայն, շնորհիվ Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողների հմտության, իրավախախտին հաջողվել է ձերբակալել Հայաստանի սահմանից 150 մ հեռավորության վրա, հայտնում են ծառայությունից։

Ստուգման ընթացքում նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել։ Ձերբակալվածը բացատրել է, որ նա հյուրընկալվել է բարեկամների տանը և նրանց հետ կենցաղային վեճից հետո որոշել ցուցադրաբար հեռանալ Թուրքիա։

Հարցաքննության ընթացքում իրավախախտը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, միևնույն ժամանակ ալկոհոլի ազդեցության արտաքին նշանները բացակայել են։ Որոշ ժամանակ անց բարեկամները բերել են նրա փաստաթղթերը և հաստատել նրա ինքնությունը։

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: