26 դեկտեմբերի 2014 - 16:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բեգլարյան-տաքսու վարորդներ հանդիպումը. Քննարկել են նոր օրենքն ու կայանատեղերի հարցը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր` դեկտեմբերի 26-ին, հանդիպում էր կազմակերպել տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ:

Անդրադառնալով «ՀՀ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հաստատելու, և ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման» համաձայն մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտներում կատարված բարեփոխումներին, գերատեսչության ղեկավարը նշել է, որ լսել են վարորդների խնդիրներն ու նրանց քննադատությունը, երկու տարի փորձել հաշվի առնել այդ ամենն ու այսօր համապատասխան օրենք կա:

«Նախարարությունում կարծում են, որ այս պահից սկսած այն աշխատելու է հօգուտ վարորդների, որոնք մինչ այս խնդիրներ ու դժգոհություններ են ունեցել»,- նշել է նախարար Բեգլարյանը, գրում է Tert.am-ը:

Օրենսդրական այս կարգավորմամբ ֆիզիկական անձինք այսուհետ կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել` պետական ռեգիստրում չգրանցվելով: Բացի այդ, հանվել է նաև դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը, որի փոխարեն համապատասխան ներդիրը կփակցվի ավտոմեքենայի դիմապակուն: Արդյունքում կխնայվի 175.000 դրամ: Հանվել է նաև ամենօրյա բուժզննում անցնելու պահանջը, ինչն ամսական 10.000-15.000 դրամ կխնայի:

Տրանսպորտային գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե եթե այս բարեփոխումներով չկարողանան բավարարել տաքսու վարորդների պահանջները և հարցերը, կնշանակի, որ այդ օրենքի վրա դեռ աշխատելու տեղ կա, սակայն, ըստ նրա, բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օրենքը ներկայացնում է հենց նրանց շահերը: Այնուամենայնիվ, Բեգլարյանը նշել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել՝ օրենքը շատ լավն է և բխում է վարորդների շահերից, գրում է Panorama.am-ը:

«Սա, կարելի է ասել միակ օրենքներից է, որը ծնվել է ձեզանից, ձեր բարձրացրած խնդիրներից և հնչեցրած հոգսերից»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ իրենք միայն ձևակերպումներն ու իրավաբանական մոտեցումներն են մշակել:

Հանդիպմանը վարորդներից մեկն անհանգստություն է հայտնել կենսաթոշակային համակարգում իրենց լինել-չլինելու վերաբերյալ: Նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ հարցը կարգավորում է կուտակային կենսաթոշակային համակարգը, որտեղ վարորդները կարող են գրանցվել սեփական դիմումի համաձայն:

«Երիտասարդ ընտանիքի հայր եմ և տուն չունեմ: Բայց բանկերն ինձ վարկ չեն տրամադրում բնակարան գնելու համար, քանի որ ոչ մի տեղ գրանցված չեմ»,- անհանգստություն է հայտնել վարորդներից մեկը:

Նախարարն ի պատասխան ասել է՝ հարցը կքննարկեն և լուծում կտան: Անհատ ձեռներեցներից մեկն իր հերթին նշել է, թե նախարարությունում ասում են՝ ամեն ինչ արվել է տաքսու վարորդների հոգսը թեթևացնելու համար, սակայն իրականում այդպես չէ:

Բեգլարյանն արձագանքել է, թե այսօր յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տրվում չունենա անհատ ձեռներեցի իրավունք և որպես ֆիզիկական անձ տաքսի մեքենա վարի:

«Ըստ օրենքի, յուրաքանչյուր անհատի բեռը 4 անգամ իջեցվել է»,- արձագանքել է Գագիկ Բեգլարյանը:

Անդրադառնալով տաքսիների համար նախատեսված կայանատեղերի ստեղծմանը, նախարարն ասել է, որ կքննարկեն այդ հարցը: Նա նշել է, որ եթե 2008-ին Երևանում օրինական կայանատեղի գրեթե չկար, ապա հիմա դրանք մոտ 70-նն են: Վարորդներից մեկն էլ հակադարձել է, թե դրանք անհարմար տեղում են տեղակայված՝ Նորքի 9-րդ զանգվածում: Գագիկ Բեգլարյանն ի պատասխան նշել է, թե հարցն անլուծելի չէ, և պետք է քննարկվի քաղաքապետարանի և ոստիկանության հետ համատեղ:

Կարդացեք նաև՝ Դեղին համարների պահանջը հանվել է. Գործադիրը տաքսիների շահագործման նոր կարգ է հաստատել

ՖՈՏՈՇԱՐՔ