26 դեկտեմբերի 2014 - 18:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մենաշնորհները ՀՀ տնտեսությանը չեն սպառնում. Նոր արտադրություն ծավալող ընկերությունները կազատվեն հարկերից

2014-ի 9 ամսվա տվյալով՝ ՀՆԱ–ի աճը կազմել է 3,9%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ: Դեկտեմբերի 26-ին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսին այս մասին ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս հրապարակված չեն վերջին եռամսյակի ցուցանիշները:

«2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2,3%-ից բարձրացել է մինչև 4,3% հունվար-սեպտեմբերին և հունվար-նոյեմբերին կազմել է 3,8%` արդյունքում գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Հունվար-նոյեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարությունից: Արդյունաբերության ծավալն աճել 2,6%-ով, ծառայությունները` 7,1%-ով, գյուղատնտեսությունը` 6,5%-ով, առևտրի շրջանառության ծավալը` 4,2%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 5,4 %-ով»,- ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ արդյունաբերության աճին հատկապես նպաստել են հիմնային մետաղների, սննդամթերքի, ծխախոտային, ռետինե և պլաստմասե, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրությունը:

«Ներկայումս ընթացքի մեջ են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում հաստատված 8 ոլորտային ռազմավարության՝ կոնյակագործություն, գինեգործություն, ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն ու բիոտեխնոլոգիաներ, ոսկեգործություն, ադամանդագործություն, ժամագործություն և թեթև արդյունաբերություն, գործողությունների ծրագրերը»,– ասել է նա:

Անդրադառնալով առևտրաշրջանառությանը՝ Կարեն Ճշմարիտյանը հիշեցրել է, որ 2014-ի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 1.859.4 մլրդ դրամ, աճը` 4.7%:

«Այդ թվում, մանրածախ շրջանառության ծավալը կազմել է 1.114,9 մլրդ դրամ, աճը` 2,6%, մեծածախ շրջանառության ծավալը` 676,9 մլրդ դրամ, աճը` 8,4%, ավտոմեքենաների առևտուրը` 67,6 մլրդ դրամ, աճը` 3,5%»,-ասել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը:

Բացի այդ Ճշմարիտյանը հայտնել է, որ «Գործարարությամբ զբաղվելը 2015» զեկույցի տվյալներով Հայաստանը 189 երկրի շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը` բարելավելով իր դիրքը 4 տեղով: Նախարարը հավելել է, որ ամերիկյան Forbes ամսագրի բիզնես վարելու լավագույն երկրների վարկանիշում ևս Հայաստանն էապես բարելավել է իր դիրքերը` զբաղեցնելով 56-րդ տեղը և ԱՊՀ երկրների շարքում առաջատարն է:

Նրա խոսքերով՝ ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով այս տարի իրագործվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, մշակվել է ազդեցության գնահատման մեթոդական ցուցումների ուղեցույց, որը կներառի իրավական ակտերի ազդեցության գնահատման «ծախսեր-օգուտներ» վերլուծության, ինչպես նաև իրավական ակտերի կիրարկումից առաջացող վարչարարական ծախսերի կրճատման «Ստանդարտ ծախսերի մոդել» գործիքի մեթոդաբանությունը:

Անդրադառնալով օտարերկյա ներդրումներին, Ճշմարիտյանն ասել է, որ 2014-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատված օտարերկրյա ներդրումների հոսքերը կազմել են 1501,4 մլն ԱՄՆ դոլար, որից 758,3 մլն դոլարը` ուղղակի ներդրումներ, գրում է Panorama.am-ը:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումների հիմնական ներհոսքը բաժին է ընկնում Ռուսաստանին, Կիպրոսին, Գերմանիային, Լիբանանին, Նիդերլանդներին: Ներդրումների հիմնական ներհոսքն ուղղվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, հանքագործական արդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության և հեռահաղորդակցության ոլորտներ:

«Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր 39 երկրի հետ, 28 երկրի հետ համաձայնագրերը բանակցվում են»,- ասել է էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ մեր երկրում գրանցված է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ մոտ 6000 ձեռնարկություն:

Անդրադառնալով ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, Ճշմարիտյանն ասել է, որ այս տարի ստեղծված «Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ԱՏԳ-ում արդեն իսկ կատարվել է մոտ 14 մլն դոլարի ներդրում և ստեղծվել 120 նոր աշխատատեղ:

ԱՏԳ շահագործման արդյունքում ակնկալվում է 120 ընկերության ներգրավում, մոտ 2000 նոր աշխատատեղերի ստեղծում և տարեկան 200-250 մլն ԱՄՆ դոլարի արտահանում: Նշվել է նաև, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն են ստացել` «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ն` անօդաչու սարքերի արտադրության ոլորտում, «Էռա ՊՊ» ՍՊԸ-ն` լուսադիոդային սարքերի արտադրության ոլորտում, «Ֆարմատեք» ՓԲԸ-ն` դեղագործության ոլորտում, «ԼիֆտՏեխնիկ» ՍՊԸ-ն` վերելակների նախագծման և արտադրության ոլորտում: Նշված շահագործողների գործունեության արդյունքում կկատարվի մոտ 18 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, կստեղծվի մոտ 190 գիտատար նոր աշխատատեղ:

Ճշմարիտյանը նաև հայտարարել է, որ Հայաստանում արդյունաբերությամբ զբաղվող այն ընկերությունները, ովքեր կփորձեն հանրապետության համար նոր արտադրություն կազմակերպել, կազատվեն բոլոր հարկերից:

«Այդ ձեռնարկությունները կգործեն Հայաստանում հիմնված ազատ տնտեսական գոտիներում, սակայն պարտադիր պայման է լինելու այն, որ այդ ընկերություններ սկսեն նոր արտադրություններ»,- ասել է նախարարը:

Նախարարն իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է նաև մենաշնորհներին՝ նշելով, թե դրանք չեն սպառնում Հայաստանի տնտեսությանը:

«Այսօր աշխարհի երկրորդ տնտեսությունը, աշխարհի վեցերորդ տնտեսությունը, նրանց մոտ կան մենաշնորհներ՝ պետական մենաշնորհներ, մասնավոր մենաշնորհներ», - փաստարկել է նախարարը` հավելելով. «Ես չեմ ասում, որ մենաշնորհը լավ բան է ընդհանրապես: Խնդիրը այդ մենաշնորհի չարաշահումը արգելափակելու, չարաշահումը չթողնելու մեջ է»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին տարիներին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային այլ կազմակերպությունների փորձագետները բազմիցս արձանագրել են, որ տնտեսության մեջ մենաշնորհների առկայությունը խոչընդոտում է Հայաստանի տնտեսական զարգացմանը:

ՖՈՏՈՇԱՐՔ