27 դեկտեմբերի 2014 - 11:58 AMT
Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ»:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, ստեղծվող հումանիտար կենտրոնի նպատակն է լինելու աջակցությունը Կովկասի տարածաշրջանում արտակարգ հումանիտար արձագանքման խնդիրների կատարմանը՝ տարածաշրջանային ինտեգրման մակարդակի ու արտակարգ իրավիճակների արձագանքման արագության բարձրացման հիման վրա: Կենտրոնի խնդիրներն են լինելու արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու հետևանքների վերացումը՝ ներառյալ հրդեհների մարումը, աջակցությունը որոնողական և փրկարար աշխատանքներին, հումանիտար ականազերծմանը, հումանիտար օգնության առաքումը, ազգային ծառայությունների անձնակազմերի որակավորման բարձրացումը, բնակչության ու տարածքների պաշտպանության տարածաշրջանի համար արդիական այլ խնդիրների իրագործումը:

Կենտրոնը կունենա միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ՝ իրավաբանական անձի իրավունքներով ըստ ՀՀ օրենսդրության:

Կենտրոնում մշտապես կգործեն կառավարման ու հսկիչ մարմիններ ռուսական և հայկական կողմերի հավասար ներկայացվածությամբ: «Կենտրոնի ուժերի ու միջոցների կազմում նախատեսվում է ներառել ավիացիոն խմբավորումը, որոնողական և փրկարար և այլ մասնագիտացած կազմավորումներ ըստ կողմերի համաձայնության, ինչպես նաև կլինեն ՌԴ ԱԻՆ արտակարգ հումանիտար արձագանքման ազգային կորպուսի նյութատեխնիկական միջոցների պաշարներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնի համար նախատեսված կողմերի ավիացիոն ուժերը, որնողափրկարարական կազմավորումները տեղակայվելու են ազգային տարածքներում, նրանց տեղակայման մշտական վայրերում, իսկ համատեղ գործողությունների դեպքում կտեղափոխվեն Կենտրոնի տեղակայման շրջան՝ Երևանի մերձակայքի Գետարգել բնակավայրի մոտ: