27 դեկտեմբերի 2014 - 13:30 AMT
Շաբաթը շփման գծում. 11.000 կրակոց և դիվերսիայի մի քանի փորձ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11.000 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից, ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ՊԲ հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնց ընթացքում կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ և ականապատել են միջդիրքային տարածքի որոշ հատվածներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի առաջխաղացման փորձերը և նրանց կորուստներ պատճառելով՝ ստիպել նահանջել իրենց ելման դիքեր:Ականազերծման գործողությունների և հակառակորդին դիմագրավելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղությամբ հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ է ձեռնարկել, որի ընթացքումկիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր:

Հհետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր էր դրվել հետախուզել ամբողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով (արևելյան և հյուսիսարևելյան) հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել:

Վերջերս հակառակորդը ակտիվ խախտում է շփման գծումհրադադարի պահպանման ռեժիմը: Դեկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հրադադարը խախտվել է մոտ 1200 անգամ, հակառակորդը տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12.000 կրակոց:

Վերջին անգամ Ադրբեջանը դիվերսիոն փորձ էր ձեռնարկել դեկտեմբերի 8-ին՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում: Այդ օրը հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995-ին ծնված Գարիկ Իսպիրյանը:

Ամռանը հակառակորդի գործողություններն աննախադեպ էին 90-ականներից ի վեր։ Հայկական ստորաբաժանումներն այդ ընթացում կանխել էին 20-ից ավելի դիվերսիա։ Հակառակորդի նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը, ինչի համարռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։