5 հուլիսի 2006 - 17:55 AMT
Californian Courier. Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հաստատումը հետաձգվել է
Հայաստանում ԱՄՆ֊-ի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում հետաձգվել է անորոշ ժամանակով, պնդում է Լոս Անջելեսում լույս տեսնող Californian Courier թերթը: Թերթը գրում է, որ դա արվել է` հաշվի առնելով ամերիկահայերի, Կոնգրեսի անդամների եւ լրատվամիջոցների հնչեցրած քննադատությունը Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Էվանսի հետկանչի առնչությամբ:

«Անցած շաբաթ Սենատի արտաքին հարաբերություների հարցերի հանձնաժողովը քննարկեց երեք երկրներում` Իռլանդիայում, Շվեյցարիայում եւ Հայաստանում նոր դեսպանների թեկնածությունները: Իռլանդիայում եւ Շվեյցարիայում նոր դեսպանները նույն օրը հաստատվեցին հանձնաժողովում, իսկ հաջորդ օրը` Սենատում: Մինչդեռ Հայաստանում նոր դեսպանի թեկնածության հաստատումը հետաձգվեց անորոշ ժամանակով, եւ հայտնի չէ, թե ե՞րբ է հանձնաժողովը կրկին անդրադառնալու այդ հարցին»,- գրում է Californian Courier-ը:

Հանձնաժողովի մի շարք անդամներ, այդ թվում` նախագահության նախկին թեկնածու Ջոն Քերին, գրավոր հարցումներ են ներկայացրել` խնդրելով Հոգլանդին պարզաբանել , թե ինչ ցուցումներ է ստացել ԱՄՆ պետական դեպարտամենտից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Թերթը փաստում է, որ անցած շաբաթ հանձնաժողովում կայացած քննարկման ժամանակ սենատորները մի շարք սուր հարցադրումներ արեցին` կապված դեսպան Ջոր Էվանսի վաղաժամկետ հետկանչի հետ:

Ամերիկյան եւ հայկական լրատվամիջոցները բազմիցս ենթադրություն են արել, որ Էվանսը հետ է կանչվում այն պատճառով, որ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: