29 դեկտեմբերի 2014 - 10:42 AMT
Մոտ 40 երկիր և միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի ունենալ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց է այլ պետությունների համար: Մոտ 40 երկիր և միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի ունենալ: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունն՝ ամփոփելով տարին:

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 29-ին Աստանայում ստորագրված ԵՏՄ մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, ամուր հիմք է ստեղծում լիարժեք միջազգային կազմակերպություն ստեղծելու համար, որը կունենա անհրաժեշտ իրավասուբյեկտություն: Ավարտվել են պայմանագրի վավերացման աշխատանքները Հայաստանի հետ, որը միավորման լիիրավ անդամ կդառնա արդեն հունվարի 2-ից:

«Բազմաշերտ էին կապերը Ղազախստանի հետ, որոնց հետագա առաջխաղացմանը կնպաստի ՌԴ և Ղազախստանի միջև 21-րդ դարում բարիդրացիության ու դաշինքի մասին պայմանագիրը: Փաստաթուղթն հարմարեցված է այսօրվա իրողություններին, եվրասիական ինտեգրման պայմաններին, միտված է վերջին տարիներին առաջացած նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ ուժերով դիմագրավելուն: Դեկտեմբերի 22-ին պետությունների ղեկավարները ստորագրեցին Վավերացման մասին փաստաթղթերի փոխանակման վերաբերյալ արձանագրությունը»,-նշում են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

Նաև ՌԴ արտաքին գերատեսչությունը հիշեցնում է, որ ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի գործողության տարածքն ընդլայնվել է Ուզբեկստանի միանալու շնորհիվ, որը դարձավ այդ համաձայնագրի 9-րդ մասնակիցը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Պայմանագիրը վավերացրել են նաև Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:

Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային տուրքերի 1,13 տոկոսը: