30 դեկտեմբերի 2014 - 13:25 AMT
ԵՏՄ-ում կգործեն դեղորայքի շուկայի կանոնակարգման միասնական սկզբունքներ

2015-ի հունվարի 1-ին ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն այլ հարցերի թվում կանոնակարգում է նաև դեղամիջոցների ու բուժապրանքների շրջանառությունն անդամ պետությունների շուկայում:

2014-ի ավարտին ԵՏՄ անդամ պետությունները համաձայնագիր ստորագրեցին դեղորայքի ու բուժապրանքների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների վերաբերյալ: Արվել է հերթական քայլը ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի տարածքում ազգային խոչընդոտների վերացման ուղղությամբ: Այդ նորմերը կտարածվեն նաև Հայաստանի ու Ղրղզստանի վրա: Ըստ փաստաթղթի, ընդհանուր շուկան կսկսի գործել մեկ տարի անց, իսկ մինչ այդ հարկ կլինի ընդունել իրավանորմատիվային ակտերի մի ամբողջ փաթեթ, գրում է «Իզվեստիան»:

Մշակված համաձայնագիրը սահմանում է դեղամիջոցների գրանցման ու շրջանառության միասնական կարգը: Համաձայնագրի հիման վրա հաստատվեց նորմատիվ ակտերի մշակման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում էր 25 փաստաթուղթ կազմել:

Դրանց թվում են դեղամիջոցների գրանցման կարգը, պատշած դեղագործական հսկողությունը, պատշաճ կլինիկական պրակտիկան, լաբորատոր փորձարկումները, պահանջները դեղորայքի մակնշման վերաբերյալ և այլն: Բոլոր այդ փաստաթղթերը պատրաստ են այս կամ այն չափով, սակայն կողմերի պատասխանատու ներկայացուցիչները կշարունակեն աշխատել այդ փաստաթղթերի վրա նաև 2015-ին: Պատրաստ լինելուն պես փաստաթղթերի նախագծերը զետեղվում են ԵՏՀ կայքում հրապարակային քննարկման համար:

Սակայն 2016-ին կհամապատասխանեցվեն դեղորայքի շրջանառության ոչ բոլոր ոլորտները՝ ազգային նորմերը դեռ կպահպանվեն դեղամիջոցների մանրածախ առևտրում, գնագոյացման ու գովազդի ոլորտներում, նշում է պարբերականը:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: