3 հունվարի 2015 - 11:54 AMT
Հակառակորդը տարեսկիզբը 2 դիվերսիայով է սկսել․ Հայկական կողմը 2 զոհ ունի

Հունվարի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Դիվերսիոն վերջին փորձը հակառակորդը ձեռնարկել էր 2014-ի դեկտեմբերի 25-ի գիշերը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ։ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին կորուստներ էին հասցրել և ստիպել նահանջել ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չէր ունեցել:

Հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր էր դրվել հետախուզել ամբողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել էր, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով (արևելյան և հյուսիսարևելյան) հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել էին: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր չէին եղել: