4 հունվարի 2015 - 12:22 AMT
Հակառակորդը մեկ օրում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4.300 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, «Սև նետ», Իստիգլալ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից` հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր (7 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (14 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների

Հունվարի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հայաստանի արտգործնախարարությունը արդեն իսկ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում 2 դիվերսիոն հարձակման փորձը, որոնց հետևանքով մարդկային կորուստներ կան։

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։

«Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։

Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»,- ասվում է հայտարարույունում:

Ավելի ուշ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։