6 հունվարի 2015 - 10:11 AMT
Ուորլիք. Բռնության վերսկսումը ԼՂ հարցի լուծում չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում 2015-ի առաջին գրառումն է արել՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նա նշել է, որ 2015-ը պետք է լինի խաղաղության տարի:

«2015-ը ԼՂ հարցումպետք է լինիխաղաղության և տևական համաձայնագրի տարի: Բռնության վերսկսումը հարցի լուծում չէ»,-գրել է նա:

Հունվարի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հայաստանի արտգործնախարարությունը արդեն իսկ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում 2 դիվերսիոն հարձակման փորձը, որոնց հետևանքով մարդկային կորուստներ կան։

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։

«Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։ Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»,- ասվում է հայտարարույունում:

Ավելի ուշ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։