7 հունվարի 2015 - 13:36 AMT
Թագավորական նվագախմբի դիրիժորը ոտքով 1000 կմ կանցնի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Բրիտանիայի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Մելքոնյանը դստեր՝ Վերոնիկայի հետ, 1000 կմ կանցնի ոտքով Թուրքիայից մինչև Լիբանան ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Մելքոնյանը, որի նախնիները Մուշից են, մտադիր է սկսել արշավը Վանում և ավարտել Բեյրութի հայտնի հայկական «Թռչնյաց բույն» որբանոցում: Ամբողջ ճանապարհը մոտ 621 մղոն կամ 1000 կմ է: Մելքոնյանը պատմել է, որ ցեղասպանությունն անդրադարձել է իր ընտանիքի մի քանի սերունդների վրա: Նրա ծնողներն ամուսնացել են փախստականների ճամբարում, իսկ մայրը մահացել, երբ ապագա դիրիժորը 4 տարեկան էր, որից հետո նրան որբանոց են տարել: Նրա հայրը, որը ցեղասպանության ժամանակ երեխա էր, գրեթե ոչինչ չէր հիշում ոչ տան, ոչ ընտանիքի մասին, իսկ ծնողները մնացել էին հիշողության մեջ շրջապատված թուրք զինվորներով:

Երթուղին, որը նախանշել է դիրիժողորը, անցնում է Սիրիայի տարածքով և շատ վտանգավոր է «Իսլամական պետության» իսլամիստների գործողությունների պատճառով: Թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Մելքոնյանը հայտնել է, որ Սիրիա կմտնի Կոբանիի կողմից, որտեղ քրդերի ու իսլամիստների միջև մարտեր են ընթանում: Երթուղին կազմվել էր դեռ մինչև տարածաշրջանում բռնության բռնկումը, սակայն դիրիժորը մտադիր չէ փոխել այն: Նա նշել է, որ վտանգավոր կարող է լինել նաև Թուրքիայի տարածքով անցնելը՝ հիշատակելով Հրանտ Դինքի և իտալացի նկարչուհի Պիպա Բաքքայի սպանությունը, սակայն ընդգծել է, որ մտադիր չէ հրաժարվել քայլարշավից: