6 հուլիսի 2006 - 17:06 AMT
Աշոտ Ղուլյան. ԵԱՀԿ ՄԽ հայտարարության ոչ բոլոր կետերն են ընդունելի ԼՂՀ եւ Հայաստանի համար
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկները կարող են հիմք ծառայել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքերով, տվյալ հայտարարության ոչ բոլոր կետերն են ընդունելի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար: «Միջնորդների կողմից կարգավորման հիմնական սկզբունքնրի վերաբերյալ առաջարկների հրապարակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հանրությունների կողմից դրա քննարկման նախաձեռնման նպատակ էր հետապնդում: Դրանով Մինսկի խմբի համանախագահները կողմերին հնարավորություն են տալիս ինքնուրույն գտնել հարցի կարգավորումը»,- նշել է ԼՂՀ ԱԺ խոսնակը:

Աշոտ Ղուլյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից ելնելով, կարգավորումը համընդհանուր բնույթ է կրելու: Խոսելով 2006 թվականին հարցի կարգավորման հնարավորության մասին` նա ընդգծեց, որ Ադրբեջանում տիրող իրավիճակը եւ ադրբեջանական իշխանությունների վարվելաձեւը վկայում են, որ Բաքուն պատրաստ չէ կարգավորմանը, ինչի մասին ղարաբաղյան կողմը խոսել է նաեւ ԱՄՆ-ում կայացած հանդիպումների ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսության համաձայնությունը Ադրբեջանի կողմից ազդանշան կդառնա, որ ադրբեջանական կողմն իրոք ցանկանում է կարգավորել հակամարտությունը: Կարծում եմ մինչ տարվա վերջ միջնորդները կարգավորման գործընթացը ակտիվացնելու փորձեր կձեռնարկեն, սակայն Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն դժվար թե լինի»,- ասել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակը:

Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը Ղարաբաղյան հակամարտության գոտում, Աշոտ Ղուլյանը նշել է, որ «խաղաղապահ գործողության վերաբերյալ խոսակցությունները վաղաժամ են»: Խաղաղպահ ուժերը անվանելով խաղաղության պահպանման եւ կողմերի կողմից հասած համաձայնության կատարման երաշխիք` խոսնակը, միեւնույն ժամանակ, ընդգծեց, որ զինադադարը հակամարտության գոտում պահպանվում է առանց երրորդ կողմի մասնակցության, ինչը հնարավոր է հետագայում եւս, հայտնում է Դե-Ֆակտոն: