9 հունվարի 2015 - 13:02 AMT
ՊԲ. Շփման գծում լարվածությունը նվազել է

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերի համեմատ լարվածությունը նվազել է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 180 անգամ, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են պահպանել շուրջօրյա զգոնությունն ու աչալրջությունը` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:

Շփման գծում լարվածությունը սկսվել էր, երբ հունվարի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական 2 գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը:

Բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ էր շպրտվել ելման դիրքերը: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հակառակորդի ոչ մի հարձակում անպատասխան չի մնա: