9 հունվարի 2015 - 16:14 AMT
Արյունալի պատմությունը` System of a Down-ի շրջագայության շրջանակում. Ականատեսն ենք ցեղասպանությունների

«Արյունալի պատմությունը` System of a Down-ի շրջագայությունների շրջանակում». Rolling Stone կայքը հրապարակել է լրագրող Քորի Գրոուին հարցազրույցը System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: Հեղինակը նաև մի քանի տողով անդրադարձել է 1915 թվականի իրադարձություններին՝ նշելով, որ SOAD-ի բոլոր անդամներն այդ ցեղասպանությունը վերապրածների սերունդներ են:

Քորի Գրոուի հարցին, թե ինչու է խումբը հանդես գալիս այս թեմայով, և ինչու է որոշել Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված գործունեությունը շրջագայության տեսքով պլանավորել, Թանկյանը պատասխանել է. «Մենք ուզում ենք, որպեսզի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը հանգեցնի նրան, որ մարդկությունը դադարի ինքն իրեն սպանել: Ես սա ժպտալով եմ ասում, քանի որ սա ծիծաղելի երևույթ է:Մենք դեռ ականատեսն ենք ցեղասպանությունների: Մամուլում կարդացի, որ սիրիական Դեր Զորում Իսլամական պետության կողմից սպանվածների զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել: Սա ինձ հիշեցրեց Դեր Զորի ավազներում՝ ճիշտ նույն վայրում, 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ոսկորների մասին: Եթե սա սիմվոլիզմ չէ, ապա ի՞նչ կարող է լինել»,- ասել է նա:

System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կայացել է դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում:

2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հաստատել է, որ համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. համերգ-ակցիան ուղղված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:

Հարցին, թե արդյոք խումբը երբևէ ելույթ ունեցել է Թուրքիայում, Թանկյանը պատասխանել է. «Ոչ: Մենք ուզում էինք Թուրքիան էլ ներառել մեր Wake up the Souls շրջագայության մեջ: Մեզ թույլտվություն էր անհրաժեշտ կառավարությունից, քանի որ բացեիբաց խոսում ենք ցեղասպանության մասին և հանդես ենք գալիս թուրքական կառավարության գործողությունների քննադատությամբ: Սակայն մենք թուրքական կողմից պատասխան չստացանք »:

Ըստ Թանկյանի՝ շատ հնարավոր է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Կարծում եմ՝ դա շատ հավանական է: Ես վերջերս կարդացել եմ, որ մի նոր օրինագիծ կա, որը ճանաչելու է անցյալի բոլոր հանցանքները, ներառյալ հայոց ցեղասպանությունը: Այն թուրքական խորհրդարանին է ներկայացրել քրդական փոքրամասնության ներկայացուցիչ Սեբահաթ Թունջելը: Չնայած, ես համոզված եմ, որ նրանք չեն հավաքի մեծամասնության ձայները՝ օրինագիծն ընդունելու համար: Այնուամենայնիվ, նրանց կողմից քաջ քայլ է՝ նման առաջարկով հանդես գալը, բացի այդ, դա խոսում է այն մասին, որ ժամանակները կարող են փոխվել, իսկ դա դրական տեղաշարժ է»,- նշել է Թանկյանը:

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելըխորհրդարան է ներակայացրել աղմկահարույց մի օրինագիծ-առաջարկ: Թունջելն օրենսդիր մարմնին առաջարկում է ընդունելՀայոց ցեղասպանության համար երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի` հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը: Ընդ որում ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ամբողջ Թուրքիայի Հանրապետության անունից:

Թանկյանը նաև պատմել է իր տատիկի և պապիկի պատմությունները, թե ինչպես են կարողացել վերապրել Ցեղասպանությունն ու անցնելով Դեր Զորով` հաստատվել Սիրիրայում: Նա նշում է, որ իր պապիկի կենդանության օրոք հասցրել են նկարահանել նրա պատմությունը, որը հետագայում օգտագործել են «Ճչացողները» ֆիլմում: Թանկյանը նաև նշել է, որ Հայաստանում SOAD-ին ոչ մեկի հետ չեն համեմատում. հավասարը չունեն, և հավելել, որ ոգևորությամբ է սպասում յուրաքանչյուր հաջորդ համերգին:

System of a Down (հաճախ կոչվում են "S.O.A.D" կամ "System") մետալ խումբ է, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ): Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down: Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր Ռիք Ռուբինը։ Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ։ System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում։ Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։ Խմբի բոլոր անդամները հայեր են:

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումը: SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն։ System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը։ Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումըՀայոց ցեղասպանությանը, օրինակ՝ Spiders («Սարդեր») երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային։ 2005թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի՝ Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ") փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի՝ ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից։Վերամիավորվել են 2011 թվականին: