11 հունվարի 2015 - 21:44 AMT
Հակառակորդը հերթական դիվերսիան է ձեռնարկել, այս անգամ՝ Տավուշի ուղղությամբ․ Հովիվ է զոհվել

Հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են ձեռնարկել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում:

Փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող 1935 թ․ ծնված հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա, նշել է ՊՆ խոսնակը:

Վերջերս իրավիճակը թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, լարված է։ Հունվարի 1-ից ի վեր հակառակորդը պարբերաբար կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

Ադրբեջանցիները հունվարի 7-ի կեսօրին ԴՇԿ տեսակի զենքով կրակել են Բարեկամավան գյուղի ուղղությամբ, նույնը տեղի է ունեցել նաև հունվարի 6-ին: Գնդակները կպել են գյուղի եկեղեցուն և այլ շինությունների, գրում է «Սիվիլնեթ»-ը: Բարեկամավանն Ադրբեջանի սահմանին ամենամոտ գտնվող գյուղերից է:

Բացի այդ, հունվարի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական 2 գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը: Հակառակորդը՝ կորուստներ կրելով, հետ էր շպրտվել ելման դիրքերը: