12 հունվարի 2015 - 16:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
The Guardian-ն Արցախն ընդգրկել է ամենաարկածային վայրերի ցանկում, որտեղ կարելի է անցկացնել արձակուրդը

Բրիտանական զբոսաշրջային Regent Holidays ընկերությունը տուրիստական ուղեգրեր է առաջարկում Երևանով դեպի Լեռնային Ղարաբաղ: Հոդվածը, որտեղ ճամփորդների համար օգտակար խորհուրդներ կան, The Guardian-ը հրապարակել է «Մոլորակի ամենաարկածային վայրերը, որտեղ կարելի է անցկացնել 2015-ի արձակուրդները» վերնագրով, գրում է Ռոսբալտը:

«Այս ուղևորությունը վախկոտների համար չէ, բայց այնտեղ հետաքրքիր շատ բան կա՝ լեռներում ծվարած վանքեր, հնագիտական հուշարձաններ, հինավուրց քարանձավային համալիրներ և զարմանահրաշ բնություն: Այնտեղ կարելի է մեկնել միայն Երևանով՝ բրիտանական Regent Holidays-ի օգնությամբ»,- գրում է պարբերականը:

Վերջերս Yahoo Travel-ը ևս խորհուրդ էր տվել ընթերցողներին ընդլայնել իրենց Ճամփորդություններն ու հանգիստն անցկացնել տեխնիկապես գոյություն չունեցող, սակայն փաստացի գործող պետություններում, որոնք ՄԱԿ-ը չի ճանաչել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում:

Պորտալը հիշեցրել էր, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ շրջան էր Ադրբեջանի կազմում, որի քաղաքացիները ԽՍՀՄ փլուզումից հետո քվեարկեցին հօգուտ անկախության, ինչի արդյունքում Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց: Հաղթանակ տանելով Ադրբեջանի հանդեպ և հրադադար կնքելով 1994 թվականին, Արցախն անկախ պետություն կերտեց և այսօր ճանաչված է Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Մերձնդեստրի կողմից:

«Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով ու մշակութային հարստությամբ: Հինավուրց եկեղեցիները սփռված են երկրի ամբողջ տարածքում: Ղարաբաղյան հյուրընկալությունը նույնպես շատ հայտնի է՝ մի զարմացեք, եթե հանկած հայտնվեք տեղի գյուղերից մեկում թթի օղիով ու բաժակաճառերով սեղանի շուրջ: Երկշաբաթյա հետիոտն ուղևորություն կատարեք, վայելեք հինավուրց հայկական Շուշի քաղաքն ու Ղազանչեչոց եկեղեցին, բաց չթողնեք Գանձասարը, ինչը հայերենից թարգմանաբար նշանակում է գանձերի լեռը և IX դարում կառուցված Դադիվանքը»,-գրել էր պարբերականը:

ՖՈՏՈՇԱՐՔ