7 հուլիսի 2006 - 17:28 AMT
Մինչ ԼՂՀ ճանաչումը տարածքների վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող
«Մինչ ԼՂՀ ճանաչումը, մենք չենք պատրաստվում վերադարձնել տարածքները, որոնք Լեռնային Ղարաբաղի համար որպես անվտանգության գոտի են ծառայում»,- Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Սեյրան Օհանյանը նշել է, որ ղարաբաղյան կողմը հանդես է գալիս բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: «Ադրբեջանը մեզ ստիպեց պատերազմել, եւ մենք պարտադրված էինք հարցը ռազմական ճանապարհով կարգավորել: Լեռնային Ղարաբաղի գերակայության տակ գտնվող տարածքները ինքնանպատակ չեն, դրանք անվտանգության գոտի են ծառայում հանրապետության հանգիստ կենսագործնեության համար»,- ընդգծել է նա:

ԼՂՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ տարածքների հարցերը, ինչպես նաեւ հակամարտության շրջանում միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը, կարող են դիտարկվել կարգավորման միայն վերջին փուլում, հիմնական խնդրի` Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումից հետո: «Եթե կարգավորման հիմնական հարցով որոշում չլինի, ապա տարածքների վերադարձի վերաբերյալ խոսք անգամ լինել չի կարող»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման մասին, Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում` նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում պատերազմ սկսել: Նրա կարծիքով, ռազմատենչ ելույթները ուղղված են հասարակական կարծիքի ուսումնասիրմանը եւ ներքաղաքական նպատակներ են հետապնդում: Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը արդյունավետ հակամիջոցների ծրագիր ունի, որոնք ուղղված են հանրապետության պաշտպանությանը: «Եթե արտակարգ իրավիճակ առաջանա, ապա կյանքը ցույց կտա` ով ինչի է ընդունակ»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:

Մեկնաբանելով Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի առաջարկը` Ռուսաստանի եւ Հայաստանի համատեղ զորավարժություններին ղարաբաղյան ստորաբաժանումների մասկանցության վերաբերյալ` Սեյրան Օհանյանը նշել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը միշտ պատրաստ է դրանց մասնակցել եւ ցուցադրել զինպատրաստության լավ մակարդակ, հաղորդում է Դե-Ֆակտոն: