13 հունվարի 2015 - 11:33 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը Երևանում և Բաքվում կքննարկի ղարաբաղյան կարգավորման գործընթացը

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար ու առաջին փոխվարչապետ Իվիցա Դալիչը կքննարկի ղարաբաղյան կարգավորումը Բաքվի ու Երևանի պաշտոնյաների հետ: Նրա այցն Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան նախատեսված է առաջիկա ամիսներին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը դիվանագիտական աղբյուի վրա հղումով:

Սերբիան որպես ԵԱՀԿ գործող նախագահ մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտությանը, հայտարարել է Դալիչն Ադրբեջան այցի ժամանակ նախորդ տարվա սեպտեմբերին: «Ղարաբաղյան հակամարտությունը առաջնային կլինի ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության օրոք: Անշուշտ, դեռ վաղ է խոսել նոր ձևաչափի մասին, սակայն մենք օբյեկտիվ աշխատանք կտանենք բոլոր կողմերի հետ»,-ասել է նա:

Դալիչը խոստացել է 2015-ին ԵԱՀԿ-ում իր նախագահության օրոք «անմիջականորեն զբաղվել հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորմամբ»: «Ես կրկին կայցելեմ տարածաշրջան, բոլոր ջանքերը կգործադրեն հակամարտության կարգավորման համար»,-ասել է Սերբիայի փոխվարչապետը:

2014-ի սեպտեմբերի 10-ին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Դալիչն իբր հայտարարել է, թե Ադրբեջանի ու Սերբիայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են: «Մենք սատարում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը»,-իբր ասել է նա:

Ավելի ուշ սերբական Tanjug.rs կայքում հոդված հայտնվեց այն մասին, թե ինչպես են ադրբեջանական ԶԼՄ-ները «խմբագրել» Դալիչի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի համատեղ մամուլի ասուլիսը: «Այն, որ սուտն Ադրբեջանում գերագույն աստվածների պանթեոնում է գտնվում, լկտիությամբ զիջելով միայն Ալիևների պաշտամունքին, նորություն չէ և ոչ էլ զարմանալի է»,-ասվում է հոդվածում:

«Լրագրողները, իրավապաշտպանները, ակտիվիստներն ու ոչ անտարբեր մարդիկ, մի խոսքով, բոլոր նրանք, ով հրաժարվում է ենթարկվել ստի պաշտամունքին ու ընդհանուրից տարբեր կարծիք հայտնել, անխուսափելիորեն հալածանքների է ենթարկվում»,-ասվում էր հոդվածում:

Հեղիակը գրում է, որ ադրբեջանական քարոզչության «քրմերն ու քրմուհիները» անամոթաբար սխալ են մեջբերում ուրիշի խոսքերն, հաշվի չառնելով ոչ քաղաքական կարգավիճակը, ոչ զբաղեցրած պաշտոնը՝ ղեկավարվելով միայն Գեբբելսի սկզբունքով. «Որքան հրեշավոր է սուտը, այնքան հեշտ են դրան հավատում»:

«Ոչինչ չկասկածող Դալիչը սեպտեմբրի 9-ին այցելեց Բաքու, որտեղ, ըստ interfax.az-ի, իբր հայտարարեց նախարար Մամեդյարովի հետ ասուլիսում, որ «Սերբիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, նրանք պաշտպանում են տարածքային ամբողջականությունը: Համաձայնենք, որ բավականին տարօրինակ հայտարարություն է ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնող երկրի ղեկավարի համար»,-ասվում է հոդվածում:

Պարբերականում նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը միակն է, որը միջնորդության մանդատ ունի ղարաբաղյան կարգավորման շրջանակում:

«Ստուգման արդյունքում պարզվեց, որ նման հայտարարություն է արել Մամեդյարովը: Իսկ Դալիչը միայն ասել է, որ անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումն ու ջանքերն ուղղել խաղաղ բանակցությունների, և որ Սերբիան ողջունում է ցանկացած երկխոսություն, որի նպատակը բանակցություններն են»,-ասվում է հոդվածում: «Հասկանալի է, որ ստի վրա հիմնված ադրբեջանական հռետորաբանությունը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ջանքերը խաղաղ բանակցություններին ուղղելու հայտարարության հետ»,-ասվում է հրապարակման մեջ:

Photo: www.novosti.rs