13 հունվարի 2015 - 21:00 AMT
Հարցում. Թուրքերի 9%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքական հասարակության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածներն իբրև ցեղասպանություն ճանաչելու կողմանկիցները բացարձակ փոքրամասնություն են: Այդ մասին վկայում են Թուրքիայում հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Ինչպես հայտնում է The Daily Star-ը` վկայակոչելով Agence France Presse գործակալությանը, այդ ողբերգության 100-ամյակի նախօրեին սոցհարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների միայն 9.1%-ն է կարծում, որ Անկարան պետք է ներողություն խնդրի 1915 թվականին օսմանյան տիրապետության օրոք իրագործված կոտորածների համար և այն ցեղասպանություն ճանաչի:

Եվս 9.1%-ն էլ միայն ներողություն խնդրելու կողմնակից է` առանց Ցեղասպանության փաստի ճանաչման: Հարցումը 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացրել է Ստամբուլում գործող Տնտեսագիտության և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնը, ասնաիցները 1508-ն էին:

Հարցվածների 23%-ը նշել է, որ 1915-ին զոհվածներից ոչ բոլորն էին հայեր, և որ կառավարությունը պետք է ցավակցություն հայտնի զոհված բոլոր օսմանյան քաղաքացիների համար:

Հարցման մասնակցածների 12%-ն էլ համոզված է, որ թուրքական կառավարությունը պետք է իր ցավակցությունը հայտնի 1915 թվականին զոհված հայերի համար, բայց չպետք է ներողություն խնդրի: Իսկ 21%-ն էլ նախընտրել է, որ Թուրքիան որևէ քայլով չարձագանքի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերի պահանջներին: