14 հունվարի 2015 - 14:37 AMT
Մերկելը հայտարարել է իսլամի հարցում անհանդուրժողականության դեմ պայքարելու մտադրության մասին

Եվրոպայի իսլամականացման դեմ Դրեզդենում կայացած բազմահազարանոց բողոքի ակցիայից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունն ամեն ինչ կանի

անհանդուրժողականության դեմ պայքարելու համար՝ անվանելով կրոնական խտրականությունը «մարդկայնորեն պարսավելի»,-հայտնում է Ռոյթերս գործակալությունը:

Մոտ 25 հազար ցուցարար է մասնակցել Դրեզդենի կենտրոնում հունվարի 12-ին տեղի ունեցած հանրահավաքին: Ակցիայի կազմակերպիչն էր «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման» կազմակերպությունը, այն նվիրված էր Ֆրանսիայում հունվարի 7-9-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերին: Մասնակիցները պահանջեցին խստացնել ներգաղթի պայմաններն ու հրաժարվել մուլտիկուլտուրալիզմից Գերմանիայում, որտեղ արդեն մոտ 4 մլն մահմեդական է ապրում, հիմնականում թուրքեր: Մասնակիցներից շատերիը պարզել էին մահմեդական գլխաշորով Մերկելին պատկերող պաստառներ:

Սակայն իսլամականացման դեմ շարժումն ավելի քիչ կողմնակիցներ հավաքեց մյուս քաղաքներում, իր հերթին, ազդակ հանդիսանալով ռասիզմի դեմ հակացույցերի համար:

Այժմ Մերկելի համար գլխավոր խնդիրներից մեկը ներգաղթյալների հետ կապված հարցերն են: Պահպանողական կուսակցության, որի անդամ է Մերկելը, մի շարք երևելի անդամներ հոռետեսորեն են տրամադրված իսլամի հանդեպ: Մինչդեռ նոր աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները միավորվել են «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման» կազմակերպության հետ՝ քննադատելով կանցլերին ներգաղթյալների ու երկրում ապաստան փնտրողների չափազամց մեծ քանակի համար:

Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ փարիզյան զոհերի ոգեկոչման ժամանակ, Մերկելը դատապարտեց «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման» կազմակերպությանն ու նրա կողմնակիցներին: «Մեր ազատ երկրին սազական չէ տարանջատել մարդկանց միայն կրոնական պատկանելությամբ, դա անհամատեղելի է մեր արժեքների հետ ու պարսավելի մարդկային տեսակետից: Այստեղ տեղ չկա ռասիզմի, այլատյացության ու ծայրահեղականության համար»,-հայտարարել է Մերկելը:

Մերկելի ելույթին հավանություն է տվել նաև երկրի նախագահ Յոահիմ Գաուկը:

«Գերմանիան տարաբնույթ է կրոնական, մշակութային, մտածելակերպի առումով հենց միգրացիայի շնորհիվ: Հենց այդ բազմազանությունն է ապահովել մեր երկրի հաջողությունն ու համակրանքի արժանի դիմագիծը»,-հայտարարել է նախկն բողոքական հովվապետ, ժամանակին ԳԴՀ ամենահայտնի այլախոհներից մեկը, Գերմանիայի դաշնային նախագահ Գաուկը:

Իր հերթին Գերմանիայի Մահմեդականների միության ղեկավար Այման Ազեկը հավելել է, որ մահմեդականները սատարում են Գերմանիային, որը բացել է սիրտն աշխարհի առջև ու հարգում է կարծիքի, մամուլի ու կրոնի ազատությունը:

Բերտելսմանի հիմնադրամի վերջին հարցումը ցույց տվեց, որ Գերմանիայի ոչ մահմեդականների 47 տոկոսը սպառնալիք է տեսնում ի դեմս իսլամի: Հետազոտությունն անցկացվել է փարիզյան ահաբեկչությունից հետո:

Հունվարի 12-ին Մերկելը հայտարարեց, որ իսլամը ժամանակակից գերմանական հանրության կենտրոնական մասն է, ինչը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից:

Գերմանիան, որը սուր ժողովրդագրական ճգնաժամի մեջ է, պայաքարում է դրա դեմ ներգաղթի միջոցով:

2013-ին ներգաղթը Գերմանիայում հասավ վերջին 20 տարում ամենաբարձր ցուցանիշի՝ 437 հազարի: Բացի այդ, ապաստան է տրվել մոտ 200 հազար սիրիացի փախստականների: