14 հունվարի 2015 - 17:43 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն առաջիկա շաբաթներին

Ցանկացած բռնություն շփման գծում ապակայունացնում է իրավիճակը, և դա կարող է հանգեցնել լարվածության վտանգավոր աճի կողմերի միջև, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ըստ նրա, ռազմական գործողությունը կարող է ձախողել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը:

«Կողմերի տեսակետները լսելու համար մենք պարբերաբար այցելում ենք տարածաշրջան, սակայն մեր հերթական այցի ժամկետը դեռ որոշված չէ», ասել է նա:

«Առաջիկա շաբաթներին հնարավոր է նաև հանդիպում կողմերի արտգործնախարարների հետ: Մենք հուսով ենք, որ նախարարները կհանդիպեն ու կկարողանան քննարկել առաջ շարժվելու ուղիները: Մենք հուսով ենք նաև, որ նախագահները կկատարեն 2014-ի հոկտեմբերին Փարիզում ստանձնած պարտավորություններն ու կշարունակեն երկխոսությունը: Հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով հնարավոր է միմյանց հետ աշխատելու կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում»,-ասել է նա:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1.400 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հունվարի 11-ին, ժամը 23:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:Երկու ուղղությամբ էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:

Հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են ձեռնարկել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում:

Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել է, որ Տավուշում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողություններից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դին:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հերքել էր լուրերը, ըստ որի ղարաբաղյան ուժերը ժադրբեջանական խաղաղ բնակավայրեր են գնդակոծել.«Դրանք ոչ այլ ինչ են, քան հերթական ապատեղեկատվություն: Արցախի զինված ուժերը խիստ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն թիրախային հարվածներ են հասցնում հակառակորդի առաջնագծի դիրքերին՝ նպատակ ունենալով ճնշել վերջին նախահարձակ ու սանձարձակ գործողությունները:

Խաղաղ բնակավայրերը պաշտպանության բանակի համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ: Հիշեցնենք, որ տվյալ վարքագիծը եղել ու մնում է ադրբեջանական զինուժի «մենաշնորհը», ինչի ապացույցն են հայ-ադրբեջանական սահմանահատվածին գտնվող հայկական բնակավայրերի վրա հակառակորդի կողմից պարբերաբար իրականացված և իրականացվող գնդակոծություններն ու արկակոծությունները»: