14 հունվարի 2015 - 22:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գյումրեցիների ցույցը, երևանցիների երթը, Պերմյակովի մեղադրանքն ու գլխավոր դատախազի խոստումը

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության և 6 ամսական երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրգործով կասկածյալ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ են իրականացնում:

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև՝ բռնվելու հանգամանքները:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:

Մինչ այդ Գյումրիում ցերեկը ավտոմեքենաներով երթ է անցկացվել, որն այնուհետև խոշոր բողոքի ակցիայի է վերածվել: 100-ից ավելի ավտոմեքենա 8-րդ ռազմավանի մոտից ուղևորվել են քաղաքի ՌԴ հյուպատոսություն, որտեղ երթի մասնակիցները սկսել են ձվեր նետել շենքի վրա` գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևի հետ հանդիպում պահանջելով:

Երթի մասնակիցների պահանջն էր նաև, որ ռուսական կողմը կասկածյալին հանձնի հայկական կողմին, գրում է «Հետք»-ը:

Քանի որ ոստիկանությունը փակել էր Հաղթանակի միակողմանի պողոտան՝ չթույլատրելով երթի մասնակիցներին շարժվել դեպի 102-րդ ռազմաբազա, նրանք որոշել են քայլել դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ՝ ավտոերթը վերածելով քայլերթի: Ավելի ուշ ցուցարարները հավաքվել են Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որը ռազմաբազայից ոչ շատ հեռու է, ու պահանջել հանդիպում բազայի ներկայացուցիչների հետ:

Այնուհետև ակցիայի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանների կազմած շղթան, ինչի արդյունքում հրմշտոց է սկսվել: Այնտեղ է ժամանել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ըստ նրա` հայկական կողմը նախաքննությունը վարում է անկախ այլ հանգամանքներից: Ասլանյանն առաջարկել է հավաքվել մարզի դատախազության դիմաց, որից հետո 15-20 հոգուց բաղկացած պատվիրակությունն առանց լրատվամիջոցների կարող են իր մոտ ներկայացնեն իրենց պահանջները, ինչին հավաքվածները չեն համաձայնել:

Երկար բանակցություններից հետո հավաքվածները որոշել են հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ին, հավաքվել մարզային դատախազության շենքի դիմաց: Նրանք հայտարարել են, որ այդպիսով ժամանակ են տալիս դատախազին և նրա վերադասներին` հարցին դրական լուծում տալու համար: Պատասխանը ստանալուց հետո կորոշեն իրենց անելիքը:

Մինչ այդ Երևանի Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ իրենց հերթին մոմավառություն և դեպի նախագահական նստավայր քայլերն էին նախաձեռնել։ Վերջինիս պահանջը նույնն էր՝ Գյումրիի սպանության մեղավորին հանձնել հայկական կողմին, որպեսզի նրա դատավարությունն իրականացվի մեր երկրում:

Երթն ընթանում էր լուռ, ոստիկանների ուղեկցությամբ, գրում է Tert.am-ը։ Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջել են հանրապետությունում Սգո օր հայտարարել և հեռացնել ռուսական 102-րդ բազան Գյումիից՝ նախագահականի դիմաց վանկարկելով «ա-մոթ»:

Ընթացքում նախագահի նստավայրից դուրս է եկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը, սակայն, շտապել է հեռանալ: Մինչև այդ նա նշել է, որ առավոտյան` ժամը 10։00-ին, կլինի Գյումրիում և գյումրեցիներին կներկայացնի ամբողջ ընթացակարգը, գրում է Panorama.am-ը:

«Ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ամբողջ ժողովրդին` այս ոճրագործությունն ամբողջ ժողովրդի խնդիրն է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ: Վստահեցնում են, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում և բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին»:

Գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ-ն հետևողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում։

Ակցիայի ավարտին մասնակիցները որոշել են ցրվել՝ պայմանավորվելով վաղը ՌԴ դեսպանատան մոտ հանդիպելու և այնտեղ հետագա անելիքները որոշելու մասին:

Photo: @avaruza
ՖՈՏՈՇԱՐՔ