15 հունվարի 2015 - 23:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ցուցարարների ու ոստիկանների բախումը Գյումրիում. Ուժայինների վրա քարեր են նետվել, գործի են դրվել մահակները

Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց հունվարի 15-ին հավաքվել էին բազմաթիվ ցուցարարներ, որոնք պահանջում էին օրեր առաջ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանած ռուս զինծառայողի գործը հանձնել հայ իրավապահներին։

Մինչ այդ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի հուղարկավորության արարողություն էր:

Ինչպես երեկ Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ հավաքված գյումրեցիներին խոստացել էին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության շենքի առջև պատասխանել է նրանց հարցերին՝ վստահեցնելով, որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղավորը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում:

Գյումրեցիների հարցին, թե ինչու այդ դեպքում ռուս զինվորականները ՀՀ իրավապահներին չեն հանձնում գործող մեղադրյալ Վալերի Պերմյակովին, պատասխանել է. «Հանձման մասին հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ տվյալ անձը երկրի սահմաններից դուրս է լինում։ Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ունենք երկրի սահմաններում գտնվող անձի վերաբերյալ հարց, նման բան չի քննարկվել»:

Մեկ այլ հարցին, թե մեղավորը Հայաստանում է պատիժը կրելու, թե՝ ՌԴ-ում, և արդյոք ՀՀ դատարանն է իրականացնելու արդարադատություն, գլխավոր դատախազը պատասխանել է. «ՀՀ-ի տարածքում իրականացվելու է արդարադատությունը: Հիմա չի քննարկվում այդ հարցը՝ որ դատարանն է քննելու գործը: Ոչ թե ես հարցի պատասխանը չգիտեմ, այլ այն հիմա չի կարող քննարկվել»,- մեջբերում է Tert.am-ը։

Մեկ այլ հարցի, թե իրավազորության հարց քննարկվել է, դատախազը պատասխանել է, որ այն լուծված է ՀՀ-ի և ՌԴ-ի միջպետական պայմանագրով:

Գյումրեցիներին դատախազի պատասխանը չի գոհացրել և նրանք սկսել են աղաղակել: Գևորգ Կոստանյանն առաջարկել է, որ 10-15 հոգով բարձրանան աշխատասենյակ ու քննարկեն հարցը, ինչին որևէ մեկը չի համաձայնել:

Միևնույն ժամանակ ցույց է տեղի ունեցել նաև Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Քաղաքացիների պահանջը նույնն էր՝ Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: Ակտիվիստները վանկարկել են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:

Ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մոտենալ դեսպանատան շենքին: Ակտիվիստները ցանկացել են ճեղքել ոստիկանական պատը: Քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում 2 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն:

Դատախազի հեռանալուց հետո գյումրեցիներից մեկն ընդգծել է, որ իրենց պահանջն անփոփոխ է:«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր հերթին ընդգծել է, որ երեկ իրենք հստակ ձևակերպել են իրենց պահանջը, և այլ բան իրենց հետաքրքիր չէ:

Այնուհետև ցուցարարները սկսել են դատախազության շենքի ուղղությամբ քարեր նետել ու պահանջել, որ Կոստանյանը նորից իջնի ներքև, քանի որ իրենց հարցերն անպատասխան են մնացել:

«Ոճրագործություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Փաստ է: Ցավ է: Պետք է բոլորս ամեն ինչ անենք և անելու ենք, որ ոճրագործը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության: Միանշանակ է, որ նա պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում»,- ասել է արդեն երկրորդ անգամ քաղաքացիներին ընդառաջ դուրս եկած Կոստանյանը՝ հավելելով, որ արդարացի է այն պահանջը, որ գործը պետք է ամբողջությամբ քննության ենթարկվի Հայաստանում:

«Այդ նպատակով մեր քննիչներն այժմ գտնվում են ռուսական ռազմակայանում, որտեղ գտնվում է այդ հանցագործը, հարցաքննում են: Համբերեք: Գործը քննվում է: Քանի որ և Ռուսաստանի Քրեական օրենսգրքով է գործ հարուցվել և Հայաստանի ՔՕ-ով, ռուս իրավապահներն իրականցնում են իրենց դատավարական գործընթացը, մեր քննիչները՝ մեր դատավարական գործընթացը: Համբերեք, ժողովուրդ»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Գլխավոր դատախազը նշել է՝ բոլորը նույն բանն են ուզում, բայց դրան հասնելու ճանապարհներ կան և այժմ այդ գործընթացներն են իրենք իրականացնում:

«Հանգիստ եղեք, համբերեք, տեսնենք ինչ է լինում: Գործընթաց է գնում»,- վստահեցրել է Գևորգ Կոստանյանը:

3-րդ անգամ շենքից դուրս գալով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է՝ ինչպես պահանջում են գյումրեցիները ինքը դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին:

«Նախորդ անգամ, որ իջա, դուք մի կարևոր պահանջ դրեցիք՝ արդյոք ես դիմելու եմ ՌԴ-ին և իրավապահ մարմիններին, որ հարուցված քրեական գործը և անձն ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ: Ես հիմա որպես գլխավոր դատախազ ասում եմ, որ ես 100 տոկոսով դիմելու եմ այս պահանջով ՌԴ գլխավոր դատախազություն»,- հայտարարել է Կոստանյանը, ինչն ընդունվել է ծափահարություններով:

Գյումրեցիները պահանջել են, որ Գյումրու սպանդի գործով մեղադրյալին առնվազն 10 վայրկյան նկարահանեն, որպեսզի իրենք հավաստիանան՝ հանցագործը Հայաստանում է:

Այնուհետև ցուցարարների մի մասը որոշել է շարժվել դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան: Դրանից հետո քաղաքի կենտրոնական փողոցներում իրարանցում է սկսվել: Մարդիկ քարերով ու փայտերով վազելմ են, հարվածել մեքենաներին,քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:

Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների պատն ու անցնել դեպի հյուպատոսարանի շենք: Արդյունքում բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը կիրառել է մահակներ, հատուկ գազ, ուշեղ լույսով ու աղմուկով պայթուցիկներ, իսկ ցուցարարները խոշոր քարեր են նետել ուժայինների ուղղությամբ: Բախումների արդյունքում տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել,14 մարդ է հոսպիտալացվել՝ քաղաքացիական անձինք և ոստիկաններ: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ նրանք լուրջ վնասվածքներ չեն ունեցել, արդյունքում 7-ը տեղում հետազոտվել է և դուրս գրվել, 2-ի մոտ հայտնաբերվել է գանգոսկրի վնասվածք, մեկի վիճակը ծանր է:

Լարվածությունը թուլացել է պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Մարտուն Գրիգորյանի ելույթներից հետո: Վերջինս տեղեկացրել է, որ քիչ հետո իրեն ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կթույլատրվի մտնել ռուսական ռազմաբազա և տեսնել Պերմյակովին: Նա հորդորել է մեկ մարդու պես գնալ դեպի դատախազության շենք և սպասել իրենց:

«Ոստիկանությունն էլ դուք էլ, անմեղ ժողովուրդ եք: Եթե կալանավորած մարդիկ կան, կկարգավորենք: Հանգստացեք միայն, ընդամենը ասում եմ, որ պահանջ էինք դրել, որ տեսնենք՝ ոճրագործը Գյումրիում է, թե ոչ: Էս ամենը լավ բանի չի տանի, այն ինչ-որ արվում է ոչ մեկի շահից չի բխում»,-ասել է նա:

Ցուցարարների մեծամասնությունը համաձայնել է պատգամավորի հետ և շարժվել դեպի դատախազություն՝ ստանալու հարցերի պատասխանները:

Ցուցարարներին ընդառաջ եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը՝ նշելով, որ մեկ օրվա համար 14 վիրավորն ու 13 ձերբակալվածը բավարար են: Նա հավաքվածներին հորդորեց ցրվել և տուն գնալ՝ երաշխավորելով, որ անձամբ է միջնորդելու ձերբակալվածների ազատ արձակմանը: ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանի հետ ուղևորվեցին ռուսական ռազմաբազա՝ լուսանկարելու մեղադրյալ Պերմյակովին: Հավաքվածներից ոմանք հեռացան, մի մասը մնաց դատախազության շենքի դիմաց՝ սպասելու: Ավելի ուշ Գրիգորյանն ու Պետրոսյանը վերադարձան՝ հավաստիացնելով, որ տեսել են մեղադրյալին, և համոզվել, որ նա երկրում է:

ՖՈՏՈՇԱՐՔ