16 հունվարի 2015 - 14:21 AMT
Շփման գծում լարվածությունն աճել է. ԼՂՀ նախագահն ասում է՝ 2015-ին ԶՈւ-ին լրացուցիչ զգոնություն է պետք

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը կրկին լարվածության աճ է նկատվել: ՊԲ օպերատիվ տվյալներով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:Հայ դիրքապահները շփման գծի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հունվարի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992-ին ծնված Միսակ Հակոբյանը: Իսկ հունվարի 11-ին շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:

Երկու ուղղությամբ էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել:

Մինչ այդ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ՊԲ ռազմական խորհրդի նիստին իր ելույթում անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները՝ 2014-ին իրականացված աշխատանքները գնահատելով «բավարար»: Բակո Սահակյանն ընդգծել է, որ խնդիրները, որոնք լուծում է Պաշտպանության բանակը, եղել են, կան և կմնան պետության համար ամենակարևոր ու առանցքային ուղղություններից:հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Խոսելով այս տարվա անելիքների մասին՝ նախագահը հատուկ շեշտել է, որ 2015 թվականի քաղաքական օրացույցը բավականին հագեցած է համազգային և համապետական մի շարք կարևորագույն միջոցառումներով, որոնք լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն են պահանջելու նաև զինված ուժերից, հատկապես որ նման ժամանակահատվածներում զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը դարձել են հակառակորդի որդեգրած քաղաքականության հիմքերից մեկը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ագրեսորը միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք, ավելի համարձակ և արժանի հակահարված կտանք մեր անկախության, անվտանգության և արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: