17 հունվարի 2015 - 23:03 AMT
Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Տավուշի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հակառակորդի կրակոցից այսօր՝ հունվարի 17-ին, զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին մանրամասնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինծառայողը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Հակառակորդը տարեսկզբից շարունակում է լարված պահել իրադրությունն առաջնագծում։ Հունվարի 11-ին մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ էին ձեռնարկել:

Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել և կասեցվել էր: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էին: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել էր միջդիրքային տարածքում, բայց ավելի ուշ հայկական կողմը թույլատրել էր տարհանել այն:

Փոխհրաձգության ընթացքում զոհվել էր նաև տարածքում գտնվող 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:

Հունվարի 1-ից ի վեր հակառակորդը պարբերաբար կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ․ հունվարի 7-ի կեսօրին ԴՇԿ տեսակի զենքով՝ Բարեկամավան գյուղի ուղղությամբ, նույնը տեղի է ունեցել նաև հունվարի 6-ին: Գնդակները կպել են գյուղի եկեղեցուն և այլ շինությունների: