21 հունվարի 2015 - 10:59 AMT
ՌԴ նախագահի խոսնակ. Պերմյակովին դատելու է ռուսական դատարանը ՌԴ օրենքով

Քանի որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, ապա կպատժվի ռուսաստանյան օրենքներով, կլինի ռուսաստանյան դատավարություն: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ԳԱԼԱ»-ն: Այնուամենայնիվ, նա նշել է, որ այս օրերին Գյումրիում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և ՌԴ նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ, որոնք մասնակցում են քննչական գործողություններին, այդ պատճառով էլ քննությունը համատեղ է:

«Կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է»,- նշել է Պեսկովը:

Հարցին, թե կարող են արդյոք Ավետիսյանների հուղարկավորությանը հաջորդած բողոքի ակցիաները Գյումրիում և հնարավոր հակառուսական տրամադրությունները վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները, Պեսկովը պատասխանել է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը համընդհանուր ողբերգություն է՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմինները Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քննությունն արդյունավետ կազմակերպելու համար համակարգող մարմին են ստեղծելու: Ըստ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի, թե ռուսական, թե հայկական կողմը քննություն են իրականացնում, և պայմանավորվել են համատեղ, փոխհամագործակցված գործողություններ իրականացնել:

«Ռուսաստանում ևս բոլորը սգում են: Գիտենք, որ փորձում են ողբերգությունը քաղաքականացնել և օգտագործել որպես հակառուսական տրամադրություններ սերմանելու գործիք, սակայն մեր հույսը հայ ժողովրդի իմաստնությունն է, որն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել և գիտի, թե որքան մոտ են մեր երկրներն ու երկու ժողովուրդները: Այդ պատճառով ուզում ենք հավատալ, որ դա բացասական ազդեցություն չի ունենա մեր հարաբերությունների վրա, առավել ևս, որ այս օրերին նոր էջ է բացվում մեր գործակցության պատմության մեջ, ի նկատի ունեմ Հայաստանի անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը»,- հավելել է Պեսկովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե ՌԴ-ն հրաժարվի Պերմյակովին հանձնել հայկական իրավասու մարմիններին, ապա կարող են հակառուսական տրամադրություններ առաջանալ, Պեսկովը նշել է, որ այժմ քննչական դատավարական համատեղ գործողությունները դեռ ընթացքի մեջ են և սխալ կլինի այդ առումով ինչ-որ բան ասել:

«Եկեք սպասենք գործողությունների և դատավարության ավարտին և հետո նոր կխոսենք այդ մասին: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- եզրափակել է ՌԴ նախագահի խոսնակը:

Գործի շրջանակում հայկական կողմի մոտ մի շարք հարցադրումներ են ծագել, որոնք առնչվում են նաև ռուսական կողմին, ինչի արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել նրանց օգնությունը ռազմաբազայի տարածքում, և հակառակը՝ նրանց կողմից քննվող գործի շրջանակում անհրաժեշտություն են ունենալու Հայաստանում որոշակի գործողություններ կատարել:

Ավելի վաղ Բրյուսելում Հայաստան-ԵՄ գործակցության խորհրդի 15-րդ նիստին հաջորդած մամուլի ասուլիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝անդրադառնալով Գյումրիի ողբերգությանը, նշել է, որ հայկական կողմը լիահույս է՝ քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ և մեղավորները կպատժվեն օրենքին համապատասխան:

«Իհարկե, այս սոսկալի հանցագործությունը Հայաստանի հանրային կարծիքում շատ բնական մարդկային վրդովմունք և զայրույթ էր առաջացրել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ապա մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ ՌԴ հետ և շարունակելու ենք համատեղ ջանքերով դրանք առավել ընդլայնել և ամրապնդել»,- նշել է Նալբանդյանը:

Photo: RIA Novosti