21 հունվարի 2015 - 12:11 AMT
Դավութօղլուն կոչ է անում հայերին հետևել Թուրքիայի օրինակին՝ հրաժարվելով «անցյալի մասին կարծրատիպային պնդումներից»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արտահայտվել է 2015-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Anadolu-ի վրա հղումով: «Մենք Հայաստանի հետ պետք է ջանքեր գործադրենք նոր աշխարհ կառուցելու համար»,-ասել է Դավութօղլուն Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա, նա կցանկանար, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սկսվեր 2015-ին:

Դավութօղլուն անդրադարձել է «1915-ի իրադարձություններին», որոնք «մթագնում են երկու երկրների հարաբերությունները»: Նա հայտարարել է, թե Թուրքիան կիսում է հայերի ցավն ու անկեղծորեն ցանկանում է ամոքել վերքերը՝ բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ վերականգնելով:

«Միայն կոտրելով տաբուները մենք կարող են ձեռնամուխ լինել այն մեծագույն վերքի հաղթահարմանը, որը սառեցրել է ժամանակը 1915-ում: Թուրքիան իր կողմից անցել է այդ կրիտիկական շեմը՝ հրաժարվելով ընդհանրացումներից ու անցյալի մասին կարծրատիպային պնդումներից»,-հայտարարել է թուրք վարչապետը:

Դավութօղլուն բարձր է գնահատել 2007-ին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը: Ըստ նրա, Դինքը «ձգտում էր ուղիներ ու միջոցներ գտնել, որոնց օգնությամբ հայերն ու թուրքերը կկարողանային ընդհանուր ապագա կառուցել»:

Թուրքիայի վարչապետը կոչ է արել հայերին ավելի հաճախ այցելել Թուրքիա և «վերջ տալ նախապաշարմունքներին»: Ըստ Դավութօղլուի, «երկու հին ժողովուրդները պետք է իմաստություն ցուցաբերեն ու հասկանան միմյանց»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Չանաքքալեի ճակատամարտը տեղի է ունցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18-ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրների նավերին մտնել Դարդանելի(Չանաքքալեի) նեղուց: Օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին:

Սերժ Սարգսյանը մերժեց Էրդողանի հրավերը՝ առաջարևկելով Անկարային նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ՀՀ նախագահը Էրդողանին ուղղված պատասխան նամակում գրել է. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

«Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար», ասվում է ՀՀ նախագահի պատասխան նամակում: