21 հունվարի 2015 - 15:20 AMT
Իզմիրի հայկական եկեղեցին վերածվել է ախոռի. Տարածքը դարձել է թմրամոլների և հարբեցողների հավաքատեղի

Իզմիրի հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ: Պարզվում է` տեղի բնակիչները, որոնք իրենց ձիերն ու կովերն են այստեղ բերում, բողոքել են եկեղեցին իրենց որջը դարձրած թմրամոլներից ու հարբեցողներից: Թուրքական Milliyet պարբերականի կայքը գրում է, որ հայկական գրիգորյանական եկեղեցին գտնվում է Իզմիրի Մենեմեն վարչական շրջանում: Ենթադրվում է, որ 19-րդ դարին պատկանող կառույց է, թեև այդ մասին վկայող արձանագրություն չի պահպանվել: Եկեղեցին ցավալի վիճակում է գտնվում, կառույցի ներսը լցված է գոմաղբով և այլ աղտոտություններով:

Տեղի բնակիչները բողոքում են, որ տարածքը վտանգավոր թմրամոլների և հարբեցողների վայր է դարձել: Այն գտնվում է ոստիկանների վերահսկողության ներքո, երեխաները չեն կարողանում հանգիստ խաղալ այդ տարածքում, անծանոթ մարդիկ են եկեղեցու շրջակայքում պտտվում:

Թաղամասի բնակիչներից Նուրթեն Յըլմազը հայտնում է, որ սա պատմական հայկական եկեղեցի է. «Թուրքիան, ցավոք, կարևորություն չի տալիս պատմական կառույցներին: Մարդն ինչ կրոնի էլ պատկանի, հոգևոր արժեքներին տեր պետք է կանգնել: Այսպիսի կառույցներն արդեն շատ քիչ են մնացել: Հիմա այս պատմական կառույցը ախոռի է վերածվել: Թմրամոլներն են այստեղ շրջում: Պետք է տեր կանգնել այս վայրին»:

Վանքը գործել է մինչև 1922 թվականը: Թուրքական բանակի կողմից Իզմիրի գրավմանը հետևած քաղաքի հրկիզումից և հունական ու հայկական բնակչության կոտորածից հետո այն անուշադրության մատնվեց:

Մինչև վերջերս այն օգտագործվում էր որպես զինվորական պահեստ, սակայն հիմա այն դատարկ է: Երեք տարի առաջ Մենեմենի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերանորոգվել է տեղի հունական Ագիոս Կոնստանտինոս եկեղեցին, որը նույնպես 19-րդ դարի կառույց է: Այն ժամանակ խոստացվել է, որ հայկական եկեղեցին նույնպես կվերանորգվի, սակայն մինչև այժմ որևէ աշխատանք այդ ուղղությամբ չի կատարվել:

Ախոռի վերածված հայկական եկեղեցու մասին միաժամանակ ահազանգում են շուրջ մեկ տասնյակ թուրքական լրատվամիջոցներ: Տեղեկությունը լայնորեն տարածվում է ինտերնետային կայքերում, գրում է Panorama.am-ը:

Իզմիրը (թուրք.՝ İzmir նաև Սմիրնա, հուն.՝ Σμύρνη, հին անվանումը՝ Զմյուռնիա), քաղաք է Թուրքիայի արևմուտքում, համանուն Իզմիրի նահանգի մայրաքաղաքն է։ Թուրքիայի երկրորդ մեծ քաղաքն է, 2009 թվականին ուներ մոտ 3.868.308 բնակիչ։

Գտնվում է Էգեյան ծովի ափին, Իզմիրի ծովածոցի դիմաց։ Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ կարևոր նավահանգիստն է։ Քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան։ Երկաթուղային գծով կապված է երկրի այլ խոշոր քաղաքների հետ, ինչպես Ստամբուլը և Դենիզլին։