22 հունվարի 2015 - 12:22 AMT
Կալիֆորնիայի համալսարանը Թուրքիային կզրկի $72 մլն ներդրումներից

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը միաձայն քվեարկությամբ որոշել է զրկել Թուրքիային հաստատության 72,6 միլիոն դոլար ներդրումներից՝ այդ երկրի գործած հանցանքների և Հայոց ցեղասպանության շարունակական մերժման համար:

Նախաձեռնությունը կոչվում է «Հայող ցեղասպանության հավերժացումն ավարտելու համար Թուրքիայի հանրապետության հետ գործակցությունից ազատվելու բանաձև», որը ղեկավարում է Միացյալ Նահանգների արևմուտքի Հայ երիտասարդների ֆեդերացիան:

Դրա անդամ Գև Իսկաջյանը նշել է, որ #DivestTurkey հաշթագի միջոցով նախաձեռնել են հավաքագրել և տրամադրել Ամերիկայի համալսարանների ուսանողներին ու ակտիվիստներին, որպեսզի վերջիններս բոլոր ներդրումները հանեն Թուրքիայի կառավարությունից այնքան ժամանակ, մինչև քայլեր կձեռնարկվեն Ցեղասպանության փոխհատուցման ուղղությաամբ, և այն այլևս եկամտաբեր ձեռնարկություն չի լինի, տեղեկացնում է Аsbarez-ը:

Կալիֆորնիայի համալսարանն ԱՄՆ խոշորագույն բուհերից է, բացվել է 1868-ին՝ նույնանուն քոլեջի հիման վրա։ Համալսարանում գործում է հայագիտության ամբիոն, որտեղ դասավանդվում են գրաբար, աշխարհաբար, հայ գրականության պատմություն, հայ ժողովրդի պատմություն, հայ պատմագրություն։ Տեղի գրադարանն ունի հայագիտական բաժին, որտեղ հայերեն ձեռագրեր և հնատիպ գրքեր են պահվում։ Ամբիոնը տնօրինում է դեռ 1921-ին ստեղծված «Գարեգին Տեր-Ավետիսյանի հիշատակին» հիմնադրամը։

«Այս երեկոն ցույց է տալիս, որ հայ համայնքը մենակ չէ Ցեղասպանության փոխհատուցման և արդարության համար իր պայքարում»,- ասել է հայ երիտասարդական ֆեդերացիայի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի ուսանող Ռազմիկ Սարգսյանը:

«#DivestTurkey նախաձեռնությունը վերահաստատում է ուսանողական գործակալությունը, որովհետև ուսանողներին խորհրդատվություն չի տրվել Թուրքիայի կառավարությունում ներդրումներ անելու համար: Սա հայ ուսանողների գլխավորած ասոցիացիայի կանխարգելիչ էթիկական քայլ է, որով ուսանողական ղեկավարությանը կոչ է արվում բողոքարկել ցեղասպանություն գործած ռեժիմների ֆինանսավորումը»,- ասել է համալսարանի Հայ ուսանողների ասոցիացիայի նախագահ Միքայել Մաթոսյանը:

Նա նշել է նաև, որ ծրագրում են ընդլայնել #DivestTurkey նախաձեռնությունը, աշխատել մի քանի համալսարանի և հաստատության հետ, որպեսզի մոտակա շաբաթներին կամ ամիսներին նմանատիպ բանաձևեր ներկայացնեն: