22 հունվարի 2015 - 16:47 AMT
Դատապաշտպանն արձագանքել է Լավրովի հայտարարությանը. Ասկերովն Ադրբեջանի քաղաքացի է

Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովն Ադրբեջանի քաղաքացի է, ոչ թե Ռուսաստանի, հայտարարել է դատապաշտպան Էրիկ Բեգլարյանն «Արցախպրես»-ին»՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հունվարի 21-ի հայտարարությանը:

«Քրեական գործի շրջանակում դատավարության ընթացքում պարզվել է, որ Ասկերովն Ադրբեջանի քաղաքացի է»,-ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ Ասկերովի ձերբակալության առաջին իսկ պահից ադրբեջանական մամուլը փորձում էր ներկայացնել նրան որպես ՌԴ քաղաքացի, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Հունվարի 21-ին մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի «ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի» ճակատագրի մասին հարցին, ասել էր, որ Ասկերովի հարցը Հայաստանի հետ պետք է քննարկել, քանի որ նրան ձերբակալել է հայկական կողմը:

Լավրովը ասել էր, թե քիչ չեն աշխարհի տարբեր երկրներում ձերբակալված ՌԴ քաղաքացիները: «Մենք մշատպես հետաքրքրվում ենք նրանց ճակատագրով, հաշվի առնելով ձերբակալման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: Այդ պատճառների հիման վրա, գնահատելով հանցանքի ծանրությունն ու ներկայացվող մեղադրանքները, հաշվի առնելով, թե ինչ պայմաններում են նրանց պահում, ինչ է ծրագրում նրանց հանդեպ ձերբակալող երկիրը, մենք համապատասխան որոշում ենք կայացնում երկկողմ հարաբերություններում առկա կանալներով»,-ասել է Լավրովը, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել