24 հունվարի 2015 - 11:00 AMT
Թուրք նախարար. Եթե Փերինչեքի գործով Թուրքիայի դեմ որոշում կայացվի, ԵՄ-ն էլ չի կարողանա ասել «ինչ անենք, ինչ՝ ոչ»

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հունվարի 28-ին կայանալիք թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով դատավարությանն ու կարևորել է այն, տեղեկացնում է Tert.am-ն ODA TV-ին հղումով:

«Արևմուտքը պարբերաբար քննադատում է Թուրքիային՝ խոսքի ազատությունը չհարգելու համար: ՄԻԵԴ-ն այս առումով քննություն է անցկացնելու: Եթե Թուրքիայի դեմ որոշում կայացվի, ապա հստակ ասում եմ, որ դա կնշանակի ՄԻԵԴ-ի կողմից մերժել այն արժեքները, որոնց վրա ԵՄ-ն է կառուցվել: Դրանից հետո թող ոչ ոք մեզ չասի՝ ինչ անենք, ինչ՝ ոչ: Թուրքիայում ոչ մեկի հանդեպ քննություն չի իրականացվում «Ցեղասպանություն եղել է» ասելու պատճառով»,- ասել է նա:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:

Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Մեր երկիրը ՄԻԵԴ-ում կներկայացնի միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին: Նրա նախկին պաշտպանյալների թվում են եղել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որին դատապարտել էին նախագահ Յանուկովիչի օրոք: Նա նաև մեղադրող կողմի անդամ էր Լիբանանի հարցով ՄԱԿ Հատուկ տրիբունալում և Հարավսլավիայի հարցով Միջազգային տրիբունալում: Ամալ Քլունին եղել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը 2012-2013 թթ. Սիրիայում նրա առաքելության ժամանակ:

Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի փաստաբան Զեյնեփ Քյուչուքը դիմել էր դատարան՝ պահանջելով չեղարկել իր պաշտպանյալի հանդեպ կիրառվող Թուրքիայից դուրս գալու արգելքը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, փաստաբանը հիշեցրել է, որ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների միջազգային դատարան։ Հունվարի 28-ին կայանալու է Շվեյցարիայի բողոքարկման քննությունը, ինչին Փերինչեքի ներկայությունը չափազանց կարևոր է։

Դատարանը վճռել է, որ «1915-ի դեպքերի վերաբերյալ թուրքական թեզերը ներկայացնելու համար Փերինչեքի ներկայությունը կարևոր է» և վճռել է չեղարկել արգելքը: