24 հունվարի 2015 - 13:16 AMT
ԵՄ Խորհրդում նախագահող Լատվիան մտադիր է փոխել «Արևելյան գործընկերության» ծրագիրը

Լատվիան մտադիր է փոխել «Արևելյան գործընկերության» ծրագիրը Եվրամիության խորհրդում իր նախագահության ժամանակ: Այդ մասին հայտարարել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեսյ Պիլդեգովիչսը: «2015-ին մենք Եվրամիության, ինչպես նաև գործընկերների հետ պետք է վերաիմաստավորենք ծրագիրը»,-ասել է նա:

«Եթե ի սկզբանե այն նախաձեռնվում էր որպես Եվրամիությանն անդամակցելու մերձեցման հարթակ, ապա, ապագայում, հավանաբար, հարկ կլինի ծրագիրը դարձնել ներառական և ավելի համապատասխանող բոլոր գործընկերների շահերին»,-հավելել է Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ըստ նրա, «Արևելյան գործընկերության» ծրագիրը պետք է ավելի մոտ լինի յուրաքանչյուր երկրի շահերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ «Արևելյան գործընկերության» երկրների գագաթնաժողովը Ռիգայում կանցնի ընթացիկ տարվա մայիսի 21-22-ը:

2014-ի հուլիսին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ բարեփոխումներ են անհրաժեշտ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցների հանդեպ մոտեցումներում: Նա նախանշեց նաև առաջիկա փոփոխությունների ժամկետը՝ 2015-ի գարնանը ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում:

Հետխորհրդային այն երկրների հետ, որոնք դեռ չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը՝ Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի, հետ համագործակցության վերանայման համար ազդակ հանդիսացան Ուկրաինայում ծավալված իրադարձությունները:

Նշվեց, որ այսուհետ ստորագրման համար այդքան համապարփակ փաստաթղթեր չեն ներկայացվի: Առաջինն այն երկրներից, ում առաջարկվեց համագործակցել նորացված սխեմայով, դարձավ Հայաստանը: Փաստացի, փոփոխությունն այն է, որ Երևանը կարող է ստորագրել ասոցացման մասին համաձայնագրի մի մասը:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում նախատեսվում էր, որ Հայաստանը ևս Ասոցացման համաձայնագիր կկնքի Եվրամիության հետ: Սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 15-րդ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսում Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ՝ կարևորելով նաև իր ստանձնած պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:

2015-ի հունվարի 2-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ: