26 հունվարի 2015 - 12:49 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքվի անսպասելի խոստովանությունը. Ադրբեջանի ԶՈւ-ն «ագրեսիվ դիվերսիա» է արել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Ադրբեջանական APA գործակալությունը հանդես է եկել անսպասելի անկեղծ խոստովանությամբ, որտեղ ասվում է. «Ինչպես ԱՊԱ-ին են հայտնել պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, որոնք վերջին օրերին բազմաթիվ կորուստներ են կրել գրավյալ Լեռնային Ղարաբաղի տարածքում, ռազմաճակատում անհաջողություններից հետո, հերթական անգամ ագրեսիվ դիվերսիա են իրականացրել»:

Այնուհետև գործակալությունը շարունակում է. «Թվաքանակով բազմակի անգամ գերազանցող թշնամու հետ անհավասար մարտում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն անձնական քաջություն ու հերոսություն են դրսևորել: Թշնամու հարձակումը ետ մղելիս զոհվել է երեք զինծառայող, կան վիրավորներ: ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Զինծառայության մեջ աչքի ընկնելու» 3-րդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ադրբեջանական ԶՈւ մասին որևէ բացասական, առավել ևս իրենց սադրանքների արդյունքում կրած կորուստների մասին հաղորդագրության հրապարակում: Դրանով է բացատրվում Բաքվի լռությունը տարեսկզբից ադրբեջանցիների բազմաթիվ սադրանքների հետևանքով զոհվածների ու վիրավորների մասին:

APA-ի նյութում կարդում ենք. «ՊՆ-ն հատուկ նշում է, որ մենք չենք թաքցնում ճշմարտությունը մեր ժողովրդից: Հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունները ռազմաճակատում մեր իբր բազմաթիվ կորուստների մասին, բացարձակ սուտ են, ապատեղեկատվություն և սխալ են արտացոլում իրավիճակը զորքերի շփման գծում:

Մինչդեռ «մարտական կորուստների բացակայության» ֆոնին «զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում» զոհված ադրբեջանցի 26-ամյա զինծառայող Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուն հուղարկավորվեց պատվո պահակախմբի մասնակցությամբ, ինչն ինքնին անտրամաբանական է: Ինչպես ավելի վաղ գրել էր Razm.info-ն, ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նաև լուսանկարներ Բաբաշովի հուղարկավորումից, որոնցից պարզ է դառնում, որ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը խիստ տարօրինակ է զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտման հետևանքով զոհված զինծառայողին հուղարկավորելու պարագայում։ Հավանական է, որ Բաբաշովն իրականում վերջին օրերին հայկական ուժերի գործողություների արդյունքում սպանվածներից մեկն է:

Հունվարի 24-ին «ադրբեջանական ԶՈւ անխոցելիության» վերջին դրսևորումը ակնհայտ դարձավ, երբ տեղի ժամանակով 12:00-ին սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ դիվերսիոն հարձակողական գործողություն ձեռնարկեց: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են ադրբեջանցիներին, մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը»,- նշվում էր գրառման մեջ:

P.S. Հավանաբար, առաջիկայում APA-ն իր ստանդարտ լրատվական հաղորդագրության մեջ «կուղղի» «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները» արտահայտությունը՝ փոխարինելով այն «Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումներով», սակայն կորուստների առկայության ճանաչումն արդեն «առաջընթաց է» և «բանակի մասին կամ լավ, կամ՝ ոչնիչ» հրամանագրի անմիջական խախտում: