26 հունվարի 2015 - 18:14 AMT
Օբաման կամ Մերկելը ապրիլի 24-ին կարող են լինել Հայաստանում. Թուրք հոդվածագրի անդրադարձը

Թուրք հոդվածագիր Սեդաթ Լաչիները Internet Haber կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին ու Թուրքիայի դիրքորոշմանը: Նա չի բացառել, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, անակնկալ այցով Հայաստանում կլինեն ԱՄՆ նախագահը կամ Գերմանիայի կանցլերը:

«Հայերը 100-ամյակի համար շատ են աշխատել. ֆիլմեր են նկարահանվել, ցույցեր պատրաստվել: Այդ ամենի համար նրանք ապրիլի 24-ին են սպասում: Ամենամեծ պատրաստությունը, սակայն, Հայաստանում՝ Ցեղասպանության հուշարձանի մոտ կայանալիք միջոցառումների համար է: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապն ապրիլի 24-ին լինելու են Հայաստանում:

Նրանցից բացի՝ շատ նախագահների, վարչապետների ու նախարարների մասնակցություն է ակնկալվում… Օրվա անակնկալը կարող է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությունը լինել… ո՞վ գիտի»,- գրել է հեղինակը:

Նա նշել է, որ Թուրքիան էլ է կենտրոնացել ապրիլի 24-ի վրա:

«Այս տարի պետությունը ոչ միայն մարտի 18-ին, այլև ապրիլի 24-25-ին Չանաքքալեի ճակատամարտին մեծ կարևորություն է տալու: Անկարան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու ամբողջ աշխարհի առաջնորդներին Չանաքքալե է հրավիրել… Կարծես թե նպատակը խաղաղության ուղերձ հղելն է: Սակայն բոլորն էլ գիտեն, որ իրական նպատակը Ցեղասպանության պնդումներին հակադարձելն է: Կարծես թե վատ միտք չէ, սակայն դա անելու համար արդեն բավական ուշ է...»,- եզրափակել է Լաչիները, մեջբերում է Tert.am-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի ղեկավարն արդեն իսկ պատասխանել է հրավերին` նշելով, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու:

Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելը: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա գործակցության համար»:

Կարդացեք նաև`Թուրք քաղաքագետը` ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրելու մասին. Ինչ ամոթ է, ինչ մեղք է