13 հուլիսի 2006 - 16:17 AMT
Ստամբուլում լույս տեսնող հայկական թերթի խմբագրից չեն հանել մեղադրանքրը
Թուրքիայի Քրեական գործերի բողոքարկման դատարանը հուլիսի 11-ին հաստատել է Ստամբուլում հայերեն եւ թուրքերեն լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի գործով դատավճիռը: Նա չի զրկվի ազատությունից, սակայն 5 տարվա ընթացքում կգտնվի ազատազրկման սպառնալիքի տակ, քանի որ, եթե նոր «հանցագործություն» կատարվի, նոր ժամկետին կավելանա եւս կես տարի: Թուրքիայի քաղաքացի, հայազգի Հրանտ Դինկը անցյալ տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանություններին նվիրված հոդվածի համար:

Փետրվարին գլխավոր դատախազության ներկայացուցիչները քննարկեցին այդ գործը բողոքարկման դատարանում եւ եկան այն եզրակացության, որ նրա հոդվածը վիրավորական չէ: Սակայն անսպասելիորեն շատերի համար դատարանը ի նկատի չառավ այդ եզրակացությունը եւ որոշեց, որ Դինկի դեմ առաջադրած մեղադրանքը հիմնավորված է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ չնայած մի շարք բարեփոխումներին, որ անց են կացվել Թուրքիայում ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների կապակցությամբ, օրենսդրության մեջ մնացել են հոդվածներ, որոնք պատիժ են սահմանում թուրք ազգին, երկրի զինված ուժերին եւ դատական մարմիններին վիրավորելու համար, ընդ որում հաճախ սահմանը քննադատության եւ վիրավորանքի միջեւ շատ անհստակ է զատվում: