30 հունվարի 2015 - 10:39 AMT
Ավելի քան 4000 կրակոց մեկ օրում. Շփման գծում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:

Հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15 արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (114 արկ) և ՌՊԳ-7 (5), ՍՊԳ (1) ու ԱԳՍ (37) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

Հունվարի 26-ին ելույթ ունենալով պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայտարարեց.

«Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշել է նաև. «Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:

Հունվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (79 արկ) և ՌՊԳ (21) ու ԱԳՍ (18) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի: Ի դեպ, ադրբեջանական կայքերը հաստատել են զոհերի մասին տեղեկատվությունը:

Ադրբեջանի նախագահը 2014թ. սեպտեմբերի 24-ին «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրով լիովին կասեցրեց սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը: