Հունվարի 30-ին Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին օրենքի» հետ կապված առևտրականների դժգոհություններին` ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարցնելով, թե որքանով է արդար նրանց պահանջը:
Վերջինս ներկայացրել է, որ փոխզիջումային տարբերակ է նախատեսվել. պետությունը նվազեցրել է հարկային բեռը, փոխարենը փաստաթղթավորման պարտադիր պահանջ է սահմանվել:
«Երկրորդ խնդիրն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները դժգոհում են, թե գույքագրման սահմանված ձևը մատչելի չէ»,-ասել է նա և նշել, որ վարչապետի հանձնարարությամբ իրենք նայել և բավականին հեշտացրել են այդ ձևը:
«Երրորդ խնդիրը իրազեկման հետ կապված հարցերն էին»,-թվել է փոխնախարարն ոի հավելել, որ այս ընթացքում ՀԿ-ների հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել և իրազեկվել է այն ընթացակարգը, որոնցով պետք է առաջնորդվեն:
Հովիկ Աբրահամյանն իր հերթին հանձնարարել է կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել և տեղեկատվություն տրամադրել: Նա փաստել է, որ կառավարությունն իր պայմանավորվածությունները կատարել է, գրում է Tert.am-ը։
Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց ընթացող ցույցի մասնակիցները վանկարկում էին «Կասեցում, կասեցում»: Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արտակ Խաչատրյանը հայտարարել է, որ մինչև օրենքի կասեցումն ինքը նստացույց է հայտարարում և փորձել է մոտենալ կառավարության շենքի աստիճաններին, սակայն ոստիկանները թույլ չեն տվելնստել այնտեղ:
Ակցիայի մասնակիցներից շատերն են միացել նստացույցի նախաձեռնությանը, գրում է Panorama.am-ը: Այնուհետև առևտրականներից կազմված 10-15 հոգանոց խումբը Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանի առաջարկով բարձրացել է վարչապետի մոտ` հարցը ներկայացնելու:
Արդեն չորրորդ օրն է, ինչ ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շրջանառության մեջ մտնելու դեմ:
2014-ի հոկտեմբերի 1-ին ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից նվազել է մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Բողոքի բազմաթիվ ցույցերի արդյունքում Կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ-ների համար մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրման պահանջը այս տարվա հոկտեմբերի առաջին տասնօրյակից երկարաձգվում է մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
Նոյեմբերի 11-ին ԱԺ նիստում Կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը 110 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ քվեարկությամբ հետաձգվեց մինչև փետրվար: