3 փետրվարի 2015 - 14:44 AMT
Ֆաթիհ Աքինը Մոսկվայում. Ներողություն եմ խնդրում այն մեծ ցավի համար, որ պատճառել են իմ նախնիները հայերին

Փետրվարի 3-ին Ռուսաստանի մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա գերմանաբնակ նշանավոր թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի շնորհանդեսը:

Փետրվարի 2-ին Մոսկվայի եկեղեցական համալիրում տեղի ունեցավ գերմանաբնակ նշանավոր թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի հանդիպումը Թեմակալ Առաջնորդ Եզրաս Սրբազանի հետ: Հանդիպմանը ներկա էին պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, Տիգրան Մանասյանը, դերասանուհի Արևիկ Մարտիրոսյանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի մամուլի ծառայությունում, Առաջնորդարանում կայացած զրույցի հիմնական թեման հայոց Մեծ Եղեռնին էր նվիրված: Սրբազան հայրը բարձր է գնահատել թուրք ռեժիսորի քաջարի և արդարամիտ նախաձեռնությունը, որ խիզախել է անդրադառնալ մի թեմայի, ինչը պաշտոնական Անկարայի կողմից ոչ միայն խեղաթյուրված է ներկայացվում, այլև այդ մասին բարձրաձայնողները դատարպարտվում են օրենքի ուժով: «Դուք շնորհ ունեք, որ տրված է Ձեզ ի վերուստ, ասաց Սրբազան հայրը թուրք ռեժիսորին,- դեմ առ դեմ քաջաբար կանգնել թուրքական պետության մերժողական քաղաքականության դեմ և հակադրվել կեղծիքին` վեր հանելով պատմական ճշմարտությունը: Սա նաև անձնուրաց հերսություն է և ամեն մարդու վերապահված չէ լինել ճշմարտության կրող ու վկա: Ես վստահ եմ, որ Ձեր այս նախաձեռնությունը գալիս է ի սեր ձեր ժողովրդի, որովհետև ճշմարտությունը կոծկելու քաղաքականությունը փակել է շատերի հոգու դռները, և նրանք չեն տեսնում ապագան, որը կարող է լուսավոր լինել, եթե ընդունեն իրենց մեղքը, խոստովանեն կատարած չարագործությունը և հարևանների հետ ապրեն խաղաղ ու համերաշխ»,-ասաց Սրբազան հայրն իր խոսքում:

Պատմելով «Սպի» ֆիլմի նախապատրաստական աշխատանքների ու տարբեր երկրներում կատարած նկարահանումների մասին` Ֆաթիհ Աքինն անդրադարձել է նաև ֆիլմի ստեղծման դրդապատճառներին: «Ես ծնվել, մեծացել եմ Գերմանիայում, իսկ ծնողներս Թուրքիայից են: Միայն հասուն տարիքում եմ բացահայտել ճշմարտությունը, որը դեռևս պատանեկության տարիներից քողարկված է եղել ինձ համար: Ճշմարտության հետ առճակատումը հոգիս տակնուվրա արեց և արժանապատվության գիտակցումը ստիպեց ուսումնասիրել եղելությունը: Եվ ահա ճշմարտությունը վեր հանելու և խաբված չլինելու համար ես նախաձեռնեցի այս գործը: Հիմա, երբ շփվում եմ հայերի հետ, առավել խորն եմ զգում այն ցավն ու կորուստը, որ կրել են հայերը 1915 թվականին»,- իր խոսքում ասաց թուրք ռեժիսորը:

Հանդիպման ավարտին Ֆաթիհ Աքինն ասաց. «Թեպետ ես չեմ կարող խոսել ողջ թուրք ժողովրդի անունից, սակայն ինքս ներողություն եմ խնդրում այն մեծ ցավի համար, որ պատճառել են իմ նախնիները ձեզ` հայերիդ և ուզում եմ Ավետարանական խոսքով դիմել Ձեզ` «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք:

Ֆաթիհ Աքինը գերմանաբնակ թուրք ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 25-ին Համբուրգում: Նրա ծնողներն արտագաղթել են Թուրքիայից: Առաջին ֆիլմը նա ներկայացրել է 1998 թ.՝ «Արագ և անցավ», որի համար արժանացել է Լոկարնոյի փառատոնի «Բրոնզե ընձառյուծ» պարգևին և « Pierrot» մրցանակին Մյունխենում, որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր:

Աքինի չորրորդ ֆիլմը լիամետրաժ «Գլխով պատին» ֆիլմն է, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսեկ արջ» մրցանակին:

2005-ին Աքինը եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ, 2007-ին մասնակցել է փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով և ստացել է մրցանակ լավագույն սցենարի համար:

2009-ի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում նա ներկայացրեց «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը: