4 փետրվարի 2015 - 14:41 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Անկարան չի մասնակցի Հայաստանում ապրիլի 24-ի միջոցառումներին

Թուրքիան չի մասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը և ներկայացված չի լինի Հայաստանում ապրիլի 24-ի միջոցառումներին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանչու Բիլգիչը, հայտնում է Salam News-ն Anadolu-ին հղումով:

Անդրադառնալով Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ թուրք դիվանագետը նշել է, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել շատ երկրների ներկայացուցիչներ:

Ապրիլի 23-ին Թուրքիայի կառավարությունը «Խաղաղության գագաթնաժողով» է կազմակերպում Ստամբուլում:

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելի պատերազմական գործողությունների (Չանաքքալեի ճակատամարտ) 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել է հրավերին մերժումով:

ՀՀ նախագահի պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել է թեմային.

«Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:

Ընթերցեք նաև` Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը