Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների մասնակցությամբ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում կարող է փաստաթուղթ ստորագրվել ԵՄ ու Հայաստանի միջև, սակայն ինչպիսին այն կլինի և ինչ է ենթադրելու, դեռ հայտնի չէ:
Ինչպես ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Եվրամիության համագործակցության հետագա հեռանկարներն այն հարցն է, որի վրա շատ են աշխատել ԵՄ ներկայացուցչությունները Երևանում և Բրյուսելում, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված եվրոպացի դեսպանները, և փորձագետները:
«Կարող է հայտարարություն ստորագրվել, կամ ինչ-որ այլ փաստաթուղթ, որը հստակություն կմտցնի կողմերի հարաբերությունների հարցում, կսահմանի, թե ինչի են ձգտում Հայաստանն ու ԵՄ-ն, ինչ տիպի գործակցության: Դա կարող է լինել հայտարարություն, որտեղ կնշվի հետագա գործակցությունը շարունակելու մասին կողմերի պատրաստակամությունը»,-հայտարարել է նա:
Դեսպանը հավելել է, որ կգերադասեր զգուշավոր լինել ժամկետների հարցում և չի կարող դատել այն մասին, թե արդյոք գագաթնաժողովի ընթացքում որևէ համաձայնագրի նախագիծ կներկայացվի:
«Բանակցություններ սկսելու համար Եվրահանձնաժողովին համապատասխան մանդատ է հարկավոր, ԵՄ բոլոր անդամ երկրների համաձայնությունը: Այսինքն տեխնիկապես դրա համար ժամանակ է հարկավոր: Ուստի ես կգերադասեի զգուշավոր լինել ժամկետների հարցում»,-ասել է դեսպանը, հայտնում է Evrazesnews.ru-ն:
Ավելի վաղ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Յոհաննես Հանը նույնպես հայտարարեց, որ Եվրամիությունն ու Հայաստանը կարող են ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրել առանց առևտրի ազատ գոտու մասին բաղադրիչի: Ըստ Հանի, ԵՄ-ն պետք է օգտագործի նախկինում արդեն համաձայնեցված փաստաթուղթը: Նա նշել է նաև, որ հարկ կլինի որոշ շտկումներ կատարել, սակայն, հուսով է, որ նրա քաղաքական բաղադրիչը կպահպանվի:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: